Երևանի տոնի կազմակերպիչների մոտ ճաշակի հարցում իրավիճակ չի փոխվել

Երևանի տոնի կազմակերպիչների մոտ ճաշակի հարցում իրավիճակ չի փոխվել
Երեւանի հիմնադրման առաջին մեծ տոնակատարությունը տեղի է ունեցել 1968 թվականին, երբ նշվում էր քաղաքի հիմնադրման 2750-ամյակը: Տոնակատարության նախապատրաստական աշխատանքների արդյունքում որոշվել է վերականգնել ու բարեկարգել Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հուշարձանները: Տոնը նշվել է մեծ հանդիսավորությամբ ու բազմաբնույթ միջոցառումներով` վերածվելով համաժողովրդական տոնի: Տարիների ընթացքում համաժողովրդական տոնը կորցրել է իր լայն ընդգրկումը, պատմական հուշարձանների վերանորոգման ու բարեկարգման նախատեսվող ամենամյա աշխատանքներն այդպես էլ չդարձան ավանդույթ, եւ ժամանակի ընթացքում Երեւանի տոնը դարձավ ընդամենը հարթակ՝ բազմաբնույթ միջոցառումների ու համերգային ծրագրերի համար: Տոնը հատկապես վերջին տարիներին վերածվեց ժամանցի արարողության` կորցնելով նախնական նշանակությունը: Բազմագույն ժապավեններով զարդարված փողոցների ու շենքերի ֆոնին` աշխարհի հնամյա քաղաքներից մեկը ներկայանում է անդեմ ու անտեսք: Տարիներն այստեղ փոխում են միայն գույները:



Ավարտվեցին Երեւանի հոբելյանական՝ 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Երեւանցիները մեծ սպասումներ ունեին նոր իրավիճակում նոր քաղաքապետի կողմից իրականացվող միջոցառումների որակի, ձեւի ու ճաշակի հարցում: Դրականի սպասումները շատ էին, սակայն մարդկանց գոհացնելը դժվար է, մանավանդ որ կազմակերպիչների մոտ ճաշակի հարցում, կարծես թե, իրավիճակ չի փոխվել: Երեւանն այս տարի եւս ստիպված եղավ իր տոնը նշել վերջին տարիներին բնորոշ անհասկանալի զարդարանքով ու իր դեմքն օրեցօր կորցնող կերպարով: Հասկանալի, է որ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր տոնակատարության միջոցառումների բոլորովին նոր նախագիծ ներկայացնել հանրությանը, սակայն պետք չէր նաեւ տարիների ընթացքում երեւանցու բացասական վերաբերմունքին արժանացած միջոցառումները գրեթե նույնությամբ կրկնել` այլ գունային երանգների մեջ: Հասկանալի է, որ եթե այս միջոցառումներն անցկացվեին Տարոն Մարգարյանի օրոք, ապա կընկալվեին որպես արդեն դասական դարձած միօրինակ ավանդույթ, սակայն նոր պայմաններում երեւանցու ակնկալիքները շատ էին՝ տրված խոստումներին համապատասխան, եւ այս հարցում, ցավոք, չիրականացան: Երեւանի տարբեր հատվածներում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, եւ, ինչպես անցած տարիներին, այս տարի եւս հիմնական միջոցառումները կենտրոնացված էին փոքր կենտրոնում: Ոչ միանշանակ ընդունվեց Ազատության հրապարակում տեղադրված մեծ ցուցապաստառը՝ «Իմ Հայկական Երեւան» գրությամբ: Իհարկե, քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջոցառումների` «Սիրահարդ եմ, Երեւան», «Բազմազգ Երեւան», «Տոնական Երեւան» ձեւակերպումների համատեքստում տրամաբանական կարող է լինել նաեւ ազգային երգ ու պարի հարթակի «Իմ հայկական Երեւան» անվանումը: Սակայն դժվար է պատկերացնել որեւէ քաղաքակիրթ քաղաքում կախված նման ցուցապաստառ, օրինակ, «Իմ ռուսական Մոսկվա» կամ «Իմ ֆրանսիական Փարիզ» ձեւակերպումներով, որը բազմազգ քաղաքներում կարող է ընկալվել որպես ռասիզմի դրսեւորում:



Պետք է հասկանալ, որ Երեւանի տոնի առաջնային նպատակը ոչ թե քաղաքի բնակչության ժամանցի ապահովումն է, այլ Երեւան քաղաքի արժեւորումն իր 2800-ամյա պատմությամբ, ներկայով ու ապագայի տեսլականներով: Իսկ շքեղ զարդարանքներից ու ժամանցային միջոցառումներից այն կողմ դեռեւս մնում են հնամյա քաղաքի ոչ այնքան հին վկաները` անուշադրության մատնված ու աղբանոցի վերածված:



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**