Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել փաստաբանների բողոքներից հետո

Թաթուլ Շուշանյանն ազատ է արձակվել փաստաբանների բողոքներից հետո
Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, որն այս տարվա փետրվարից կալանքի տակ էր, հոկտեմբերի 21-ին ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում են նախկին իրավապահները։ Շուշանյանը նույն վարչության երկու աշխատակիցների հետ մեղադրվում էր Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով դատվող հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանից եւ Վլադ Դավթյանից կաշառք ստանալու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մաս, 308-րդ հոդվածի 1-ին մաս)։



Ըստ Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանի, դատարանն օգոստոսի 16-ին որոշում էր կայացրել, որով մինչեւ հոկտեմբերի 20-ը երկարացվել էր Թաթուլ Շուշանյանի՝ կալանքի տակ մնալու ժամկետը։ «Ժամկետն ավարտվել է, եւ հոկտեմբերի 21-ին նա դուրս է եկել կալանավայրից»,- հայտնեց փաստաբանը։ Սակայն առանց բողոքելու գործը գլուխ չի եկել։ Փաստաբանները գնացել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, պահանջել, որ Շուշանյանին ազատ արձակեն։ «Ձգձգում էին ազատ արձակումը, այդ ժամանակ դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին։ Շատ օպերատիվ արձագանքել է արագ արձագանքման խումբը, խնդիրը դրվել է, որ մարդու իրավունքներ են խախտվում, եւ անհապաղ անհրաժեշտ է ազատ արձակել»,- ներկայացնում է Հայկ Ալումյանը։ Շուշանյանի ազատ արձակման հարցում դեր է խաղացել նաեւ դատարանների տարօրինակ վարքն այս գործով։ Դատարանները երկար չէին կողմնորոշվում, թե որ դատարանում պետք է լսվի գործը, իրար վրա էին այն գցում։ Ի սկզբանե այն ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, բայց դատավոր Արման Հովհաննիսյանը, որին մակագրվել էր գործը, այն վարույթ չի ընդունել, եւ սեպտեմբերի 17-ին գործն ուղարկվել է Լոռու մարզ, պատճառաբանությամբ, որ դատակոչվածների մեծ մասն այս մարզի բնակիչներ են։ Բայց Լոռու մարզի դատարանը նույնպես Շուշանյանի գործը չի ընդունել վարույթ եւ դիմել է վճռաբեկ դատարան։ «Ընդդատության խնդիր կա։ Երեւանի դատարանը համարում է, որ Լոռին պիտի քննի, Լոռին համարում է, որ Երեւանը պետք է քննի։ Լոռու դատարանը դիմեց վճռաբեկ դատարան, որ ընդդատության վեճը լուծի, վճռաբեկ դատարանն էլ համարել է, որ գործը պետք է քննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։ Զբաղվում են, էլի։ Էնքան իրար ուղարկեցին, կալանքի ժամկետը լրացավ, եւ Շուշանյանն ազատ արձակվեց»,- ասում է Հայկ Ալումյանը։



Այնպես որ, վկաները Լոռու մարզից ամեն դատական նիստից առաջ պետք է գան Երեւան։ Բայց հազիվ թե միայն դատական քաշքշուկի պատճառով թեթեւանար հիմնական ամբաստանյալի վիճակը։ Հավանաբար, նաեւ մեղադրանքի հիմնավորված լինելու հետ կապված խնդիրներ կան, եթե դատավորները չեն ցանկանում մտնել այս գործի տակ։ Թաթուլ Շուշանյանի դեմ գործ հարուցվեց Սերժ Սարգսյանի ժամանակ քննված «հակակոռուպցիոն» ցուցադրական պայքարի շրջանում, երբ հիմնականը «գաղտնալսում՝ պլյուս մեկ անձի ցուցմունք» մեթոդն էր։ Շուշանյանի, Վահագն Աբգարյանի, նաեւ սպանությունն իրագործողի՝ Վլադ Դավթյանի դեմ ցուցմունք գրողը միեւնույն անձն է՝ Աբգարյանի մանկության ընկերը, նրա աջ ձեռք Արթուր Մնացականյանը։ Հիշեցնենք մայր գործի հանգամանքները․ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսին, եւ սկզբում այս գործով միակ մեղադրյալը Վլադ Դավթյանն էր, որը հանցագործությունը կատարելուց հետո ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ սպանել է Փիրուզյանին։ Սպանության դրդապատճառն անձնական թշնամությունն էր համարվում։ Հետագայում քննիչներն առաջ քաշեցին պատվիրված սպանության վարկածը, եւ հունվարին՝ որպես սպանության պատվիրատու, կալանավորվեց Վահագն Աբգարյանը։



Դրդապատճառը համարվեց արյան վրեժը Կամո Փիրուզյանի եղբոր կողմից Աբգարյանի սպանված թիկնապահների համար, իսկ Շուշանյանն ու մյուս քննիչները կալանավորվեցին՝ Ալավերդցի Վահագնի մասնակցությունը եւ պատվերով սպանությունը պարտակելու համար։ Գործը երկար քննվեց։ Ընթացքում մեղադրյալ Վլադ Դավթյանը բողոքում էր, որ իրեն պարտադրում են ցուցմունքներ գրել Վահագնի դեմ։ Դատարան մտնելուց առաջ դատախազությունը թեթեւացրեց Ալավերդցու մեղադրանքի ծավալը։ Այժմ էլ քննչականի նախկին պետի վիճակում թեթեւացում եղավ՝ նա ազատ արձակվեց։