Հեղափոխության փորձությունը

Հեղափոխության փորձությունը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բացառել է, որ ԼՂ հարցով կարող է լինել գաղտնի պայմանավորվածություն: Այս հավաստիացումն արվել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի «տարածքների վերադարձն անխուսափելի է» հայտարարությունից հետո, որի շուրջ արձագանքները Հայաստանում եւ Արցախում չափազանց բուռն էին: Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքն ասել է, թե ԼՂ կարգավորման Լավրովի պլանը շատ չի տարբերվում նրանից, ինչ կառաջարկեին իրենք՝ ամերիկացիները: Ռուսաստանը, մինչդեռ, պաշտոնապես ժխտում է, թե գոյություն ունի ԼՂ կարգավորման Լավրովի պլան:



Այդուհանդերձ, ռուսական վերլուծաբանական հանրությունը միանշանակորեն պնդում է, որ Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ երկխոսությունը կայացել է ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ: «Դուշանբեում Պուտինն արեց իր քայլը՝ Ալիեւին եւ Փաշինյանին դուրս բերելով փոխզիջումների ուղի»- գրում է ռուսաստանցի քաղաքական [մեկնաբանը](https://ru.axar.az/news/politika/317768.html ) եւ շարունակում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով «գաղտնի համաձայնություն կլինի եւ այն նախապատրաստվում է»:



Ընդ որում, նա կարծում է, թե Միացյալ Նահանգներն անհանգստացած են, որ Ռուսաստանի միջնորդությունը «շաղկապում է Ադրբեջանի եւ Հայաստանի հետաքրքրությունները»: Ինչի՞ մասին է խոսքը: Մեկնաբանի հայացքով՝ «հնարավոր է մադրիդյան սկզբունքների արդիականացում, որը Բաքվի համար կարգավորման բանակցություններում ապահովում է ճկունություն, մյուս կողմից Երեւանին մղում իրական հանգուցալուծումների որոնման»:



Ամփոփելով՝ նա եզրակացնում է, որ հենց այս հեռանկարը, երբ ԼՂ կարգավորման բանակցություններ կսկսվեն առանց ԱՄՆ մասնակցության, պատճառ է հանդիսանում, որպեսզի պետական դեպարտամենտի նախկին աշխատակիցները ,,քաղաքական անհանգստություն ցուցաբերեն»: Արժե, թերեւս, ավելացնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հույս է տածում, որ խորհրդարանական ընտրություններից եւ կառավարության կազմավորումից հետո «Հայաստանը կվերադառնա առարկայական բանակցությունների»: Այս ամենը տեղի է ունենում տեղեկատվական որոշակի համատեքստում, ըստ որի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հանդես է եկել հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման նախաձեռնությամբ, իսկ խնդիրը ոչ պաշտոնապես քննարկվել է Դուշանբեում՝ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների միջեւ:



Եկող մայիսին լրանում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-րդ տարին: Այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, որտեղ մեծ էր ռազմական դիվանագիտության դերակատարությունը: բացառված չէ, որ Ռուսաստանը փորձի այդ տարեդարձին ընդառաջ նախաձեռնի Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպում՝ որոշակի օրակարգով: Այսպիսով, հետընտրական Հայաստանին ԼՂ հարցում զարգացումներ են սպասում: Հեղափոխության գլխավոր փորձությունը դեռեւս առջեւում է, քանի որ այդ ուղղությամբ ցանկացած քայլ հղի է ներքաղաքական ցնցումների վտանգով: