Վարչապետը խոստովանեց՝ Ալիևի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ

Վարչապետը խոստովանեց՝ Ալիևի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյոք հաստատվե՞լ է այն օպերատիվ կապը իր և Ալիևի միջև, ինչի մասին նա խոսում էր Դուշանբեից վերադառնալուց հետո։ Նա իր այս հարցը շաղկապեց մեկ այլ՝ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցի հետ։



Աշոտյանը հետաքրրքվեց՝ եթե հաստատվել է այդ օպերատիվ կապը, արդյոք հասցրե՞լ է ճշտել՝ այս պահի դրությամբ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, մասնավորապես Բերդավան ավանի բնակիչ Կարենի ճակատագրի հետ կապված որևէ նորություն։ Նիկոլ Փաշինյանը նախ խոստովանեց, որ այդ օպերատիվ կապը իր և Ալիևի միջև չի հաստատվել։



«Այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չէ, բայց աշխաատնքներ են տարվում այդ ուղղությամբ, և ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է»,-ասաց նա։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, վարչապետն ասաց, որ կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որը կարող են փոխանցել իրեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**