Սասուն Միքայելյանի որդին կուսակցության հետ չի համաձայնեցրել իր առաջադրումը

Սասուն Միքայելյանի որդին կուսակցության հետ չի համաձայնեցրել իր առաջադրումը
Հոկտեմբերի 21-ին Հրազդանում արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակը։ Սակայն «ՔՊ» անդամ Սեւակ Միքայելյանին ոչ թե կուսակցությունն է առաջադրել, այլ նա ինքնառաջադրվել է։ Երեկ «ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը չի աջակցելու Սեւակին։ «Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեւակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը եւ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- գրել է նա։ «ՔՊ»-ն կարծես թե որդեգրել է ՀՀԿ-ի ձեռագիրը, որը նույնկերպ էր վարվում նման դեպքերում, որ չմեղադրեին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելու մեջ։ Երեկ «ՔՊ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին բառացիորեն հարցրինք՝ ինչ-որ խնդիր կա՞, որ չեք աջակցում ձեր կուսակցին։ «Կներեք, բայց վարչության կողմից հրապարակված հայտարարությանն այլ բան ավելացնելու չունենք, ընդունեք այդ հայտարարությունը»,- ասաց նա։ Իսկ եթե չեք աջակցում նրան, «ՔՊ»-ն ինչո՞ւ թեկնածու չի առաջադրել։ «Մենք որեւէ մեկին չենք աջակցում, ազատ է՝ մարդիկ թող առաջադրվեն, մրցեն, մենք էլ հաջողություն ենք մաղթում բոլոր թեկնածուներին»։ Ձեզ արդեն մեղադրում են ՀՀԿ-ի ոճով շարժվելու մեջ՝ իբր ինքնառաջադրում է։ «Իսկապես, ինքնառաջադրում է… ես խնդրում եմ՝ ինձ հիմա դժվար է խոսել»։



Զրուցեցինք նաեւ ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։



**-Պարոն Հակոբյան, ինչո՞ւ չեք աջակցում ձեր կուսակցին՝ Սեւակ Միքայելյանին։**



-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ վարչության որոշում է, իսկ ես վարչության անդամ չեմ, ներկա չեմ եղել այդ քննարկմանը։



**-Իսկ ձեր կուսակիցն իսկապե՞ս ինքնառաջադրվել է, թե՞ կուսակցությունում են որոշել, որ այդպես է նպատակահարմար ներկայացնելը։**



-Գիտեք, կարող է որեւէ թեկնածու ինքնառաջադրվի, բայց պետք է կուսակցության հետ համաձայնեցված լինի, տվյալ դեպքում գործ ունենք ոչ համաձայնեցված ինքնառաջադրման հետ։



**-Այսինքն՝ Սեւակ Միքայելյանի առաջադրումն անակնկա՞լ է եղել կուսակցության համար։**



-Անկեղծ ասած՝ չգիտեմ, այդ խոսակցությունները ես էլ եմ լսել, բայց թե երբ է վարչությունը քննարկել, չեմ կարող ասել։



**-Իսկ ինչո՞ւ կուսակցությունն իր թեկնածուին չառաջադրեց։**



-Չեմ կարող ասել, կարծում եմ՝ Հրազդան քաղաքում չունենք թեկնածու, միակ պատճառը դա է։ Եվ եթե կուսակցությունը հրապարակավ ասում է, որ չի աջակցում, պետք չէ մտածել, որ կուլիսներում աջակցելու է։



**-Իսկ ինչպե՞ս եք գնահատում առաջադրումը՝ հաշվի առնելով, որ ոչ վաղ անցյալում դուք էիք ՀՀԿ-ին մեղադրում յուրայիններով պետական համակարգն ու պաշտոնները գրավելու մեջ։**



-Անկեղծ ասած՝ բարդ է գնահատելը, տարբեր կարծիքներ կան։



**-Հնարավո՞ր է, որ թեկնածուն ինքնաբացարկ ներկայացնի՝ հաշվի առնելով ձեր նախկին քննադատությունները։**



-Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չեմ կարող բացառել։



**-Իսկ կուսակցությունը կպարտադրի՞ թեկնածուին բացարկ ներկայացնել։**



- Չեմ կարծում, թե կուսակցությունը պարտադրի, որովհետեւ կուսակցությունն իր քայլն արեց՝ հայտարարեց, որ չի աջակցում։ Մեր կուսակցությունում պարտադրանքով ոչինչ չի լինում։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**