Կոստանյանը լավ իրավաբան է, մնում է՝ հանձնաժողովը հաջողի

Կոստանյանը լավ իրավաբան է, մնում է՝ հանձնաժողովը հաջողի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր առաջարկել է «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ։



Ալեն Սիմոնյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց՝ շատ կարևոր է, որ հանկարծ այնպես չլինի, թե իրենք ինչ-որ ձևով խոչընդոտեն կամ միջամտեն արդեն իսկ քննվող քրեական գործերին։



«Բայց այն փաստը, որ քննիչ հանձնաժողովի ղեկավարը Գևորգ Կոստանյանն է, դա հանգստացնում է, որովհետև, այնուամենայնիվ, Կոստանյանը լավ իրավաբան է, մնում է՝ հանձնաժողովը հաջողի: Վստահ եմ՝ ստեղծված իրավիճակում նա թույլ չի տա, որ մենք այդ հանձնաժողովը վերածենք մի մարմնի, որը ճնշում կգործադրի նախաքննության վրա, կազդի գործի քննության արդյունքների վրա»,-ասաց Ալեն Սիմոնյանը։



Ինչ վերաբերում է այն լուրերին, թե քննիչ հանձնաժողովը չի բացառում հրավիրի նախկին պաշտոնատար անձանց և լսի իրենց, Սիմոնյանն ասաց, որ դա լավ նախաձեռնություն է։ «Անձամբ ես շատ հետաքրքրված եմ նրանց գործելաոճով։ Թեպետ հանձնաժողովը, այնուամենյանիվ, համարում եմ, որ չպետք է ստեղծվեր, բայց օրենքի ուժով այն արդեն իսկ ստեղծվել է, և կփորձենք մաքսիմալ դրական արդյունք բերել հանձնաժողովի գործունեությամբ»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**