ՀՅԴ-ն, եթե չհաղթի, կոալիցիա կկազմի՞ հաղթող ուժի հետ

ՀՅԴ-ն, եթե չհաղթի, կոալիցիա կկազմի՞ հաղթող ուժի հետ
Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր կատարեց իր ընտրությունը Կենտրոնի թիվ 9/45 տեղամասում։



Քվեարկությունից հետո **Hraparak.am**-ը հարցրեց Մանուկյանին՝ եթե իրենց ուժը չհաղթի ընտրություններում, բայց անցնի ավագանու կազմ, ինքը կմնա՞ և կաշխատի՞ նորընտիր քաղաքապետի հետ։



«Կարծում եմ՝ այո»,-ասաց ՀՅԴ թեկնածուն՝ նշելով, որ կգլխավորի նաև ՀՅԴ խմբակցությունը։



Իսկ հնարավո՞ր է՝ Դաշնակցությունը հետագայում կոալիցիա կազմի հաղթող ուժի հետ, պարոն Մանուկյանն ասաց․ «Գիտե՞ք, ի վերջո, ընտրություններից հետո պարզ կլինի՝ ով ինչքան քվե է հավաքել, և դրանից հետո նոր քննարկումներ կլինեն և որոշումներ կկայացվեն»։



Իսկ ինչպե՞ս է գնահատում Դաշնակցության ռեսուրսներն ու շանսերը՝ այս պահի դրությամբ, առնվազն նվազագույն անցողիկ շեմը կհաղթահարե՞ն։



«Տեսեք, ժամեր են մնացել, ընտրությունները հետաքրքիր հատկություն ունեն, ժամը ութից հետո հաշվում են քվեները և ամեն ինչ պարզ է լինում։ Կանխագուշակություններ չեմ անում»,-ասաց նա։



Իսկ ի՞նչ են ցույց տվել բնակիչների հետ շփումները, ընդհանուր մթնոլորտը, տրամադրությունը։ Մանուկյանն ասաց․ «Շատ լավ մթնոլորտ, շատ բարձր տրամադրություն, եղել ենք բոլոր վարչական շրջաններում, ոչ մի խնդիր չենք տեսել, և այո, մենք իրոք ունենք կայուն ռեսուրս»։



Մանուկյանն ասաց նաև, որ քվեարկության վերաբերյալ մինչ այս պահը ահազանգեր չի ստացել, և դեռևս նորմալ իր հունով ընթանում է քվեարկությունը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**