Աճեմյանը հեգնեց վարչապետին․ «Ես հասկանում եմ, որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել»

Աճեմյանը հեգնեց վարչապետին․ «Ես հասկանում եմ, որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել»
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին տնտեսության հետ կապված։ Աճեմյանը, սակայն, իր հարցի նախաբանում նախ հեգնեց Փաշինյանին, ապա քննադատական գնահատականներ հնչեցրեց։



«Պարոն Փաշինյան, հարցս վերաբերում է ներդրումային և տնտեսական քաղաքականությանը, եթե դա ընդհանրապես գոյություն ունի։ Ես հասկանում եմ որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես Ձեզ պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին։ Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի թիվ, որ ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով։ Դրանից հետո, ընդամենը օրեր առաջ, Դուք ՌԴ-ում հանդիպեցիք գործարարների հետ, որից հետո մամուլում հրապարակումներ եղան, նաև գործարարներ եղան, որոնք հայտարարեցին, որ կարող են իրենց ակտիվերը հանել Հայաստանից։ Եվ Դուք պարզապես այնպիսի հայտարարություններ եք անում, որը վտանգում է ներդրումային դաշտը։ Արդյոք Ձեր այդ հայտարարություններով, սպառնալիքներով Դուք չեք վտանգում մեր տնտեսությունը»,-հարցրեք Աճեմյանը։



Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայարի համար կա երեք հիմնական խոչընդոտ՝ ցանկացած երկրում՝ առաջինը կոռուպցիան է, երկրորդը՝ մենաշնորհները-օլիգարխիան, երրորդը՝ կոռումպացված դատական համակարգը։



«Եվ ես կարծում եմ, որ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ, կարող ենք ասել, որ, ըստ էության, ջախջախված է կոռուպցիան Հայաստանում, մենաշնորհներ չկան, և անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է»,-ասաց վարչապետը։



Ապա փորձեց փարատել Աճեմյանի մտահոգությունները հետևյալ տվյալներով՝ նշելով, որ մայիսից հետո, հունիսին, իրենք ունեցել են 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին ունեցել ենք 11.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և դրսնք, ըստ Փաշինյանի, շատ լուրջ ցուցանիշներ են։ Նա նաև նշեց, որ վերջին ամիսներին մեր բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ հարյուր միլիոն դոլարով։ Ապա Փաշինյանը նշեց, որ ապրիլին և մայիսին, ցավոք, այդ թվում նաև ՀՀԿ խմբակցության հետ կապ ուենցող մի շարք անձինք իրենց փողերը որոշել էին դուրս հանել, ինչի արդյուքնում էլ ապահովվել է Աճեմյանի բարձրաձայնած ցուցանիշը։



«Բայց ես հավաստիացնում եմ Ձեզ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն և ետ կբերվեն Հայաստանի Հանրապետություն, և դրանով Ձեր մտահոգությունները կփարատվեն»,-ասաց Փաշինյանը՝ այդուհանդերձ նշելով, որ այս մտահոգությունները պետք է ընդունվեն ի գիտություն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**