Իրենց արշինով են չափում ուրիշներին

Իրենց արշինով են չափում ուրիշներին
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Արմեն Գեւորգյանին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Դրանից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարություն արեց, որ մեղադրանքը կապված է 2008 թվականին նախագահական ընտրությունների վերաբերյալ բարձրագույն դատարանում Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում կայացնելու համար ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա նրա եղբոր միջոցով ճնշում գործադրելու հետ․ Վալերի Պողոսյանի եղբայրն այդ ժամանակ աշխատում էր նախագահականում։ Պողոսյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է, սակայն պնդում է, որ Արմեն Գեւորգյանի դեմ ցուցմունք չի տվել։ Իսկ մեղադրանքի հիմքում «Վիկիլիքսի» հայտնի հոդվածն է, ըստ որի՝ Պողոսյանը ճնշումների մասին պատմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Սակայն ՀՔԾ պետը պնդում է, որ միայն հոդվածը չէ, որ քրգործի համար հիմք է հանդիսացել, այլ նոր ապացույցներ են ձեռք բերվել։ Վալերի Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ ապացույցների մասին է խոսքը:



«Դա իր իրավունքն է, կարող է ասել, գուցե ձեռք է բերել, ես չեմ կարող ասել, ինձ չեն զեկուցել։ Ինքը մի բան ճիշտ ասաց, որ մամուլում եղած որեւէ հաղորդագրության հիման վրա իրենք չեն կարող քրեական գործ հարուցել, այսինքն՝ պետք է ճշտել, թե հաղորդումը, որը կարդացել են, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Եվ ոչ միայն՝ պետք է նաեւ լրացուցիչ փաստեր լինեն, որպեսզի այս կամ այն մեկին հնարավոր լինի մեղադրել կամ չմեղադրել։ Քոչարյանի մասին մամուլում այնքան բաներ են գրվել, ես չգիտեմ՝ ստուգե՞լ են, թե՞ ոչ, գուցե ստուգե՞լ են»։



ՀՔԾ պետի հայտարարությունից հետո առկախված է նաեւ Պողոսյանի անվտանգության հարցը։ Չնայած որ ՀՔԾ-ն հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում կապահովի նրա անվտանգությունը, այնուամենայնիվ, պարզ չէ, թե, ըստ ՀՔԾ-ի, երբ կլինի այդ անհրաժեշտությունը․ «Ես այնպես հասկացա, որ հենց դիմեմ իրենց, իրենք անպայման միջոցներ կձեռնարկեն, անձամբ ինձ չեն ասել, բայց լսել եմ, որ նման բան իրենք ասել են։ Ենթադրենք՝ ես անգրագետ մարդ եմ, ե՞ս պետք է նրանց դիմեմ, որ իմ անվտանգությունն ապահովեն։ Այսինքն՝ սա նշանակում է, որ եթե մեկը որոշի քարով հարվածել իմ գլխին, ես պետք է իրենց ասեմ՝ եկեք իմ անվտանգությունն ապահովեք, ձեր պատճառով են հարվածել իմ գլխին»։



**Վալերի Պողոսյանին** խնդրեցինք որոշակի մանրամասներ հայտնել 2008 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին՝ հարցնելով, թե ով է դեմ քվեարկել, ով ինչ կարծիք է ունեցել։ Տեղեկություններ կան, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Պողոսյանին ասել է, որ, միեւնույն է, ՍԴ-ն կողմ է քվեարկել, անգամ եթե մի քանիսը դեմ քվեարկեն, հօգուտ Սերժ Սարգսյանի որոշումը կայացվելու է․ «Այդ հարցը վերաբերում է խորհրդակցական սենյակի գաղտնիությանը, այդ քվեարկությունը կատարվում է խորհրդակցական սենյակում, այնտեղ արտահայտված ցանկացած բառ արգելված է հրապարակել, այդ թվում՝ դատարանի անդամներին, առավել եւս՝ ինձ, որ այդ նիստին չեմ մասնակցել, հետեւաբար, չէի էլ կարող իմանալ, թե ով ինչպես է քվեարկել»։



Զրույցներ կային նաեւ, որ վերոնշյալ ճնշումները եղել են ոչ թե նախագահականից, այլ ճիշտ հակառակը՝ ընդդիմադիր ճակատից։ Ըստ այս խոսակցությունների՝ քանի որ Պողոսյանը ՍԴ անդամ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանից, ուստի պարտավորված է եղել քվեարկել հենց նրա օգտին։ Վալերի Պողոսյանին հարցրինք, թե ինչ կասի այս խոսակցությունների վերաբերյալ։



«Այս դեպքում ֆրանսիացիները մի բան են ասում, որը ես ռուսերեն գիտեմ, ասում են՝ ամեն մեկը եզրակացություններ է անում իր փչացածության չափից ելնելով։ Այնպես որ՝ այդպես մտածողներն իրենք ինչպիսին են, այնպես էլ մտածում են, որ ուրիշներն էլ են այդպիսին, այսինքն՝ իրենց արշինով են չափում ուրիշներին։ Համենայնդեպս այն ճանապարհը, որ ես եմ անցել, ինձ թվում է՝ ոչ մեկին հիմք չի տալիս այդպիսի հիմար եզրակացություններ անելու»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**