Ջերմուկն ու Վայոց ձորի «անգլիական թագուհին»

Ջերմուկն ու Վայոց ձորի «անգլիական թագուհին»
ԲՀԿ քվոտայով Վայոց ձորի մարզպետ նշանակված Արագած Սաղաթելյանն «անգլիական թագուհու» կարգավիճակում է հայտնվել։ Ոչ միայն այն պատճառով, որ մարզում եւ մարզպետարանում գործերի փաստացի կառավարիչը «ՔՊ»-ական երիտասարդ Ռազմիկ Տոնոյանն է՝ ծնունդով Արմավիրից, ով ամուսնացել է վայքեցի աղջկա հետ ու երեք տարի է՝ այնտեղ է ապրում, այլեւ այն, որ վերջինս «արշավ» է սկսել մարզպետի կողմնակիցների՝ համայնքապետերի դեմ։ Բանն այն է, որ Սաղաթելյանը նախկին ՀՀԿ-ական է, Ջերմուկի Աշոտ Արսենյանի՝ Քլոսի, մտերիմը եւ մարզի բոլոր համայնքապետերի հետ ջերմ հարաբերություններ ունի։



Մինչդեռ փոխմարզպետն անձամբ է զբաղվում բոլոր համայնքներով եւ որտեղ չարաշահումների «հոտ» է առնում, այդ համայնքի պատասխանատուով իրավապահ մարմիններն են սկսում զբաղվել։ Օրերս Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, ում դեմ ՀՔԾ-ն ընտրակաշառք բաժանելու մասով հոդված է առաջադրել, իր հերթին է «փուռը տվել» մարզի համայնքապետերին։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ընտրակաշառք բաժանելու մասին խոստովանությունն անելիս, հարցաքննության ժամանակ քննիչները կատակել են, թե՝ «դու ընտրակաշառք էլ բաժանած կլինես», վերջինս պատասխանել է․ «Էդ ո՞վ չի բաժանել որ, սաղ էլ բաժանել են»։ Ի դեպ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաներում, ըստ տեղեկությունների, 95 տոկոսն Աշոտ Արսենյանի աշխատողներն են, ով էլ Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք է բաժանել, բայց այժմ մեղադրանքն առաջադրվել է միջնորդին, այլ ոչ թե իրեն։



Բանն այն է, որ հանքի շահագործումն ուղիղ հարվածում է նրա բիզնեսին, ամիսներ շարունակ նրա գործարանից բանվորներն «արտագաղթում» են հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերություն, որտեղ անհամեմատ բարձր աշխատավարձեր են տալիս՝ միջինը 250 հազար դրամ, իսկ նրա մոտ 60 հազարով էին աշխատում։ Բացի այդ, հանքի շահագործման հետեւանքով վտանգի տակ է հայտնվելու Ջերմուկի ջուրը։ Դա է պատճառը, որ մինչեւ կոմպրոմատների ճնշման տակ ՀՀԿ-ից դուրս գալը Արսենյանը պայքարում էր Ամուլսարի դեմ։ Ի դեպ, երեկ խոսում էին, որ Աշոտ Արսենյանն այժմ Հայաստանում չէ։