98-ամյա բժշկի ցանկությունը կատարվեց. տարեդարձը տոնեց ու վախճանվեց Գյումրիում

98-ամյա բժշկի ցանկությունը կատարվեց. տարեդարձը տոնեց ու վախճանվեց Գյումրիում
Երեկ Գյումրու բժշկական կենտրոնում մահացավ հայազգի նյուրորքաբնակ բժիշկ, բարերար, Հովհաննես Օյունջանյանը: Նա Գյումրի էր եկել հատուկ նպատակով՝ ցանկանում էր մեծ համերգասրահ կառուցել եւ նվիրել հայրաքաղաքին: Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ Գյումրու ավագանին արտահերթ նիստ հրավիրեց եւ երկար [քննարկումներից](https://www.hraparak.am/posts/5b45e8551b95c206c5c66c6a/%D5%A7%D5%A4-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%A5%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A8-%D6%83%D5%B8%D5%AD%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2) հետո միայն որոշում կայացրեց քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող հողամասը հատկացնել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ համերգասրահի շենք կառուցելու նպատակով:



Հուլիսի 13-ին՝ Հովհաննես Օյունջյանի ծննդյանը օրը, Գյումրու Օյունջյան վարժարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Հովհաննես Օյունջյան» անունը կրող համերգային դահլիճի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր անձամբ բժիշկը եւ տոնում էր 98-ամյակը: Մեր տեղեկություններով՝ հենց հաջորդ առավոտյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ ստիպված են եղել հոսպիտալացնել: Ասում են՝ բժիշկներն արգելել էին նրան տեղաշարժվել, սակայն հայրենիքում գտնվելու ցանկությունը չափազանց մեծ է եղել: Մեր տեղեկություններով, նրան, հավանաբար, հայրենիքում էլ կհուղարկավորեն:



Նշենք, որ Օյունջյանի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Գյումրու թիվ 21 միջնակարգ դպրոցը՝ վերածվելով «Օյունջյան» ուսումնական համալիրի: Գյումրիում հիմնել է նաև «Վարդուհի» արվեստի դպրոցը, որի եռահարկ շինությունն ունի բոլոր հարմարությունները գյումրեցի փոքրիկների անվճար կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նա Գյումրու պատվավոր քաղաքացի է:



Ավելացնենք, որ բարերար-բժշկի նոր նախաձեռնությամբ մեկ ու կես տարվա ընթացքում նախատեսվում է նոր համերգային դահլիճի կառուցում, որը կունենա ժամանակակից բոլոր հարմարություններն ու հնարավորությունները, ակուստիկա և կահավորում, 300 նստատեղ։ Շինաշխատանքներն իրականացնելու է «Կանակա» շինարարական ընկերությունը։