Դատախազը պահանջեց Սեֆիլյանի պատիժը մեղմացնել

Դատախազը պահանջեց Սեֆիլյանի պատիժը մեղմացնել
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր մեղադրող Պետրոս Պետրոսյանը, դիրքորոշում հայտնելով պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ, պահանջեց, որ Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացվի՝ նրան դատապարտելով 7 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի համար պահանջեց 3 տարվա ազատազրկում, իսկ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը՝ պայմանականորեն չկիրառել:



Նշենք, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ արդարացման դատավճիռ կայացնել: Դատաքննությունն ընթանում է Վճռաբեկության կարգով, այսինքն ՝ քննվում են միայն բողոքները, իսկ գործով ապացույցները չեն քննվում։



Հիշեցնենք, որ այս թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը:



Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:



**Աննա Պապիկյան**