Աղոթքներ ու երջանկության արցունքներ

Աղոթքներ ու երջանկության արցունքներ
Երեկ վաղ առավոտից ողջ հանրապետությունում ցնծություն էր։ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր դեռ 9։00-ից, չնայած որ ԱԺ արտահերթ նիստը, որտեղ պետք է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դե յուրե ամրագրեր իր հաղթանակը՝ դառնալով ՀՀ 16-րդ վարչապետ, պետք է սկսվեր 12։00-ից։



Այս անգամ եւս քաղաքացիներն ուղիղ եթերով հետեւեցին նիստին, որը շատ ավելի կարճ տեւեց, քան նախորդը։ Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց վարչապետի պաշտոնում, եւ տոնախմբությունը նոր ալիք ստացավ։ Մեկը մյուսի հետեւից սկսեցին պայթել շամպայնի շշերը, քաղաքացիներից շատերը, ձեռքները վեր պարզած, սկսեցին փառք տալ Աստծուն, որոշներն ուրախությունից սկսեցին ցատկոտել, գրկախառնվել, երջանկության արցունքներ էլ եղան։



ԱԺ դահլիճից Փաշինյանը միանգամից շտապեց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան տորթերով ու փուչիկներով սպասում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ։



«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այսօր դուք հաղթեցիք, եւ երբեք, այլեւս երբեք որեւէ մեկը չի համարձակվի որեւէ ոտնձգության՝ ընդդեմ ձեր հաղթանակի։ Բայց ես ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, թե որն է ձեր հաղթանակը, եւ որն է ձեր հաղթանակի էությունը։ Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ։



Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր եւ սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով իրավունք ունի լինել իշխանության մեջ, եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է եւ ուրիշ ոչ ոք։ Պետական պաշտոնը՝ նախագահ, վարչապետ, թե ԱԺ պատգամավոր, դրանք ընդամենը ծառայություն են ժողովրդին, եւ սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաները՝ վարչապետով, նախագահով, բոլորով, ազնիվ եւ անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում՝ ժողովուրդը պետք է անի իր քայլն այնպես, ինչպես արեց 2018 թվականի ապրիլին։



Եվ, ուրեմն, ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ ՀՀ քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ, ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ հենց հիմա արդեն իսկ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»,- որպես վարչապետ՝ առաջին անգամ ժողովրդին դիմեց Փաշինյանը։



Ելույթով հանդես եկավ նաեւ աշխարհահռչակ հայազգի երգչուհի Ռոզի Արմենը։ «Բռավո, հայ ժողովուրդ, ես շատ հպարտ եմ հայ ժողովուրդեն՝ Հայաստանի հայ ժողովուրդեն։ Շատ ազդված եմ, շատ տպավորված եմ ձեր թավիշ հեղափոխությունեն։ Հայ ազգը նորից ցույց տվավ բոլոր աշխարհին ճիշտ օրինակը։ Ազգ մը, որը բարձրանա, պետք է ունենա ձեզի պես նոր սերունդ եւ երիտասարդություն։ Նոր սերունդ՝ կրթված, հարգանքով, խելոք։



Այս սիրուն երիտասարդներով մեր փոքրիկ երկիրը վախ չունի՝ կառուցել իր ապագան։ Ես հուսով եմ, իմ սիրելի հայրենակիցներ, որ բոլոր աշխարհին հայերն օր մը կմիանան Հայաստանին, մենք այդ հույսով կապրինք։



Ես մենակ կուզեի ըսել պարոն Նիկոլ Փաշինյանին՝ կշնորհավորեմ Ձեզի, որ այս փոքրիկ երկիրին մեծն եք եւ տեսաք, պարոն Փաշինյան, որ բոլոր այս հայերը Ձեզի հետեւեցին, Ձեզի հույսով են, կսպասեն մեծ հույսով, մեծ հավատով, այս երկիրին մեջը պատասխանատու եք»,- իր ելույթում ասաց Ռոզի Արմենը։



Այնուհետ Փաշինյանն ուղեւորվեց Բաղրամյան 26, իսկ տոնախմբությունը շարունակվեց մինչ անձրեւի տեղալը եւ անգամ դրանից հետո։



 



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**