Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հետեւում մարդկանց դժգոհությունն է, ոչ թե Արեւմուտքը. Կոնստանտին Տասից

Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հետեւում մարդկանց դժգոհությունն է, ոչ թե Արեւմուտքը. Կոնստանտին Տասից
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը դժվար թե դիմի արմատական միջոցները տեղի ունեցող հակակառավարական ցույցերը ցրելու համար, որոնք արդեն մի քանի օր է չեն դադարում Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Տասիցը:



Նա հիշեցրել է, որ տասը տարի առաջ` 2008-ին ուժի կիրառման որոշում ընդունել են դեռեւս գործող իշխանությունները, իսկ Սերժ Սարգսյանը միայն ընտրված է եղել եւ չի ունեցել լիազորություններ նման հրաման տալու: Ռուս փորձագետը գտնում է, որ իշխանությունները պետք է բավարար ողջամտություն ցուցաբերենեւ չգնան իրավիճակի հետագա սրացման:



Փորձագետը նաեւ նշել է, որ համաձայն չէ հատկապես ռուսաստանյան այն փորձագետների հետ, ովքեր հայտարարում են, որ ցույցերի հետեւում Արեւմուտքն է կանգնած, մասնավորապես` բրիտանական հատուկ ծառայությունները, որոնք փորձում են օգտագործել նոր նախագահ Արմեն Սարգսյանին` ընդդեմ Մոսկվայի տրամադրելու Հայաստանին: Կոնստանտին Տասիցը մանրամասնել է, որ բողոքի ցույցերի հետեւում շարքային հայաստանցիների դժգոհությունն է կանգնած եւ բողոքի գործողությունները ներքին բնույթ ունեն, որքան էլ որ շարժման գլուխ այնպիսի գործիչներ են կանգնած, որոնք կողմ են, որպեսզի Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքական կուրսը:



Տասիցը հիշեցրել է, որ ցուցարարների հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ նրա վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությունը:



Ռուս փորձագետը նաեւ բացառել է Ղարաբաղյան հակամարտության ճակատում իրադրության սրացման որեւէ փորձը, հանուն հայաստանյան հասարակության ուշադրության` ներքին խնդիրներից շեղման, քանի որ շփման գծում զարգացումներն իրենց տրամաբանությունն ունեն եւ քիչ կախվածություն ունեն Հայաստանի ներքաղաքական կյանքից:



Կոնստանտին Տասիցը նաեւ չի հավատում, որ եթե իրադրությունն այդքան սրվի, Ռուսաստանը զորք կմտցնի Հայաստան օժանդակելու Սերժ Սարգսյանին, ինչպես նշել էր պատմաբան Անդեյ Զուբովը: