Թագուհու դերը

Թագուհու դերը
Արմեն Սարգսյանն ո՞վ է՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը՝ ընտրված ուղղակի օրեր առաջ։ Քիչ պաշտոն չէ, քիչ հեղինակություն, քիչ իշխանություն չունի օտար ափերից Երեւան տեղափոխված այս մարդը։ Ամիսներ շարունակ անդադար քարոզ էր գնում, թե նախագահի պաշտոնում ամենաճիշտ ու ամենահարմար թեկնածուն է ընտրված, մարդ, ով բավականին լուրջ կրթություն ու փորձառություն ունի՝ դիվանագիտական փորձառություն։ Դիվանագիտությունը մի ոլորտ է, մի եղանակ, որ խոսելու, մարդկանց հետ փոխհարաբերվելու ուրույն շնորհ է կանխորոշում, եւ, իհարկե, Արմեն Սարգսյանը խոսելու օժտվածություն ունի, առավելապես՝ ինքն իրեն ներկայացնելու, ինքն իր գործունեությունը, իր անցյալը, ներկան ու ապագան իր ուզածի պես համահավաք մատուցելու մի ճկուն ունակություն։ Ամիսներ շարունակ այդ ունակությունը զանազան ամբիոններից, մարդկանց հետ հանդիպումների, քննարկումների ընթացքում երեւացել է, լսվել, ինչու չէ՝ որոշների մոտ ձեւավորելով դրական կարծիք։ Մինչ պաշտոնը, նախագահ Արմեն Սարգսյանը ճիգ ու ջանք չի խնայել հավաստիացնելու, համոզելու, որ ինքը տարօրինակ ու մութ բիզնեսների հետ որեւէ առնչություն չունի, որ ինքն ավելի շատ գիտնական է, նաեւ՝ իսկական երեւանցի։



Քանի՞ օր անցավ՝ փոթորկվում են Երեւանի փողոցները, կաթվածահար է լինում հանրային տրանսպորտը, ոտքի է ելնում ուսանողությունը, անգամ դպրոցներում աշակերտներն են դասադուլ անում՝ ՀՀ չորրորդ նախագահ, իսկական երեւանցի Արմեն Սարգսյանը ժայռի պես լուռ է, անտարբեր տեղի ունեցող՝ երկրի համար հույժ կարեւոր, ինչու չէ՝ նաեւ վճռական իրադարձություններին։



Ու այսքանից հետո էլ ինչպե՞ս հավատալ, ինչպե՞ս ընկալել այս մարդուն, ինչո՞ւ է նա ստանձնել այս պաշտոնը, եթե միայն Սերժ Սարգսյանին է ծառայելու։ Եվ գրոշի արժեք չունեն Ա․ Սարգսյանի այն դիվանագիտական հմտությունները, որոնք բնավ միտված չեն ժողովրդի բարօրությանը, մարդկանց հոգսերը, մարդկանց ընդվզման ձայնը լսելու, ըմբռնելու, սեփական ժողովրդին ճանաչելու արարքին։



Անկասկած, նորընտիր նախագահի համար սա բացառիկ շանս էր՝ ընդառաջ գնալ ուսանողությանը, պայքարողներին, փորձել խոսել նրանց հետ, փորձել կամուրջ հանդիսանալ, հղել մի այնպիսի մեսիջ, որը հիմք կտա եզրակացնելու, որ, իսկապես՝ նա թագուհու կարգավիճակով չի ստանձնել իր պաշտոնը, սոսկ լծորդության համար չի վերադարձել Երեւան, որ պետական պատասխանատու պարտականության հանձնառությունը չի նշանակում, որ պիտի մտնես պաշտոնիդ մութ ծակուռը՝ անսալով ընդամենը մի մարդու հրամանին։



Արմեն Սարգսյանը, նոր աթոռին դեռեւս լավ չհարմարված, արդեն իսկ խաչ է քաշում ինքն իր ներկայի ու ապագայի վրա։



**Արամ ՊԱՉՅԱՆ**