Քաղաքագրություն. Բորը՝ Երեւանի նահանգում

Քաղաքագրություն. Բորը՝ Երեւանի նահանգում
Բորը նախասովետական Հայաստանում լայն տարածում է ունեցել: Հայտնի է, որ դեռեւս հին դարերում Հայաստանի տերիտորիայում գոյություն են ունեցել հատուկ բորոտանոցներ (Լ. Հովհաննիսյան): 1889 թվականին Շարուր-Դարալագյազի գավառային բժիշկ Բեկ-Յուսուպովը, ստուգելով նահանգի մի քանի գյուղերը, տեղական իշխանության միջոցով հատուկ տեղեկագիր է ներկայացնում նահանգապետին այն մասին, որ այնտեղ հայտնաբերվել է բոր հիվանդությունը: Այդ առթիվ նահանգային իշխանությունը գավառապետին կարգադրություն է անում․ «Չթուլացող հսկողություն սահմանել՝ հիվանդներին առողջներից մեկուսացնելու միջոցառումները խստորեն իրականացնելու համար, կրկին անգամ հիշեցնում ենք, որ այդ տիպի հիվանդության ժամանակ ոչ այնքան կարեւոր են բժշկական, որքան ոստիկանական միջոցառումներ»:



1891 թվականին Շարուր-Դարալագյազի գյուղական բժիշկ Կամենսկին միայն մեկ գյուղում հայտնաբերում է 19 բորոտ: Այդ նույն թվականին հատուկ հանձնաժողովը, որի մեջ մտնում էին նահանգային բժիշկ Անդրեասովը, գավառային բժիշկ Բեկ-Յուսուպովը, գյուղական բժիշկներ Կամենսկին եւ Տեր-Մարուքովը, հաստատում են բոր հիվանդության տարածումը Շարուր-Դարալագյազի գավառում: 1892 թվականին բորոտներ են հայտնաբերվում նաեւ Ապարանում եւ այլ գյուղերում, իսկ 1896 թվականին՝ Նոր-Բայազետի շրջանում:



Բժիշկները բազմիցս հարց են բարձրացնում՝ հիվանդներին մեկուսացնելու նպատակով Հայաստանում հիմնել հատուկ բորոտանոց (լեպրազորիա): Այս հարցը քննարկման առարկա է դառնում մի քանի տարի անընդհատ: Հատուկ հանձնաժողովն այդ նպատակին հատկացնում է Երեւանից ոչ շատ հեռու՝ Գառնի գյուղի մոտ ընկած մի տարածություն, սակայն, ինչպեսեւ պետք էր սպասել, կառավարող շրջանները բորոտանոց կազմակերպելու համար գումար չհատկացրին: Կովկասի քաղաքացիական վարչության բժշկական բաժանմունքը Երեւանի նահանգապետին հասցեագրած նամակով առաջարկում է բորոտներին մեկուսացնել առանձին գյուղում եւ նրանց խնամելու ծախսերը հոգալ բնակչությունից գանձվող հարկերի հաշվին:



Նախասովետական Հայաստանում մի շարք բժիշկներ ի պաշտոնե կամ մասնագիտական հետաքրքրությունից դրդված, փորձել են ուսումնասիրել բոր հիվանդությունը: Առաջին լուրջ փորձն այդ ուղղությամբ կատարել է Երեւանի նահանգային բժիշկ Գ. Վ. Ուրազովը: 1897 թվականին Կովկասյան բժիշկների ընկերության նիստերից մեկում նա հանդես է եկել հատուկ զեկուցումով՝ Շարուր-Դարալագյազի եւ Նախիջեւանի գավառներում այդ հիվանդության տարածման մասին: 1901 թվականին Ուրազովն այդ մասին հաղորդումով հանդես է գալիս Թիֆլիսում կայացած Կովկասյան բժիշկների 2-րդ համագումարում:



Ռ. Փարսադանյան. «Հայ բժշկության պատմությունից»





Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**