Ենոքավանում նոր էքստրեմալ հաճույքներ են ավելացել (լուսանկարներ)

Ենոքավանում նոր էքստրեմալ հաճույքներ են ավելացել (լուսանկարներ)
Ենոքավանում էքստրեմալ հաճույքները գնալով ավելանում են։ Իջևանից վերև՝ լեռներում ծվարած այս համայնքի մասին մի քանի տարի առաջ շատ քիչ մարդ գիտեր։ Այսօր Ենոքավանի անունը ծանոթ է անգամ օտարերկրացիներին՝ շնորհիվ այստեղ ձևավորված ու տարեց տարի զարգացող հանգստի գոտու, որն իսկը էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար է։ Խոսքը «Յելլ էքսթրիմ Պարկի» մասին է, որը նախևառաջ հայտնի է իր զիփլայնով։ Այն ձորից ձոր թռչելու պարզ, բայց էքստրեմալ տարբերակ է՝ կախվում ես պարանից ու էքստրեմալ զգացողություններով անցնում մի քանի հարյուր մետր խորությամբ ձորը․ ներքևում անդունդ է, վերևում՝ երկինքն ու մի երաթե պարան, որից կախված ես դու, իսկ շուրջբոլորդ Տավուշի սքանչելի բնությունն է՝ իր ողջ հմայքով։



Բայց զիփլայնը խաղուպար է թվում, երբ ծանոթանում ես նոր բացված ծառայությանը՝ **Via Ferrata**-ին։ Սա արդեն ֆիզիկապես պինդ ու համարձակ էքստրիմիստների համար է, որն իր բարդությամբ ու ադրենալինի չափաբաժնով ավելին է, քան զիփլայնով թռչելը։ **Via Ferrata**-ն ժայռամագլցում է, որը հաղթահարելու համար պետք է անցնել 250 մետր տարածություն՝ ժայռերից կախված․ դու ես ու քո պարանը, ոչ ոք չի կարքղ քեզ օգնել, եթե մնացիր ճանապարհին։ Իսկ ճանապարհին մնալիս էլ հետդարձ չկա, եթե հատկապես խմբով եք, ու քեզնից հետո էլի մասնակիցներ կան։ Այնպես որ, եթե մտար այս փորձության մեջ, պետք է այն պատվով հաղթահարես։ Իսկ վերջում զգացողություններն անկնրկելի են, երբ հետ ես նայում ու հասկանում, թե որտեղով ու ինչպես ես անցել, երբ հիշում ես, որ ոտքերիդ տակ մոտ 50 մետր խորությամբ անդունդ էր, իսկ դու կախված էիր ուղղահայաց ժայռերին ամրացված պարանից։ Սեփական անվտանգությունն ապահովում են կրկնակի պարանները, որոնց միջոցով մասնակիցները կարողանում են ապահով հասնել տեղ։



**Off-road**-ի սիրահարների համար էլ նախատեսված է ամենագնաց Կամազը, որով հնարավոր է «մագլցել» Տավուշի լեռներն ու բարձրանալ սարի գագաթը, որից այն կողմ արդեն Ալավերդին է։ Այս գույնզգույն Կամազը կարող է տեղավորել 16 մարդ, որոնք նստում են կիսաբաց տանիքով թափքում՝ արագության տակ զգալով քամու սառը շունչն ու լսելով Կամազի դիզելային շարժիչի կատաղի վայրիվերումները արգելքներ հաղթահարելիս։ Մրսկաններին խորհուրդ է տրվում տաք հագնվել։ Չնայած՝ լեռներում արագության տակ մրսելն էլ իր ձևի մեջ է էքստրիմ, եթե միայն դիմանաս ու չհիվանդանաս։ Իսկ եթե Կամազը շատ մեծ է, և ուզում ես արտաճանապարհային զգացողությունները վայելել միայնակ, կարելի է օգտվել արդեն փոքր ամենագնացներից, որոնք երկդռնանի **Jeep Wrangler** են՝ իսկական սար բարձրանալու մեքենաներ։



«Յելլ էքսթրիմ Պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների համար կազմակերպած տուրից հետո Hraparak.am-ին ասաց, որ Ենոքավան համայնքում արդեն մոտ 7 մլն դոլարի ներդրում են արել, որը դեռ հետ չեն բերել, դեռ միայն ծախսում են։ Պարկում կառուցել են արևային էներգիայի խոշոր կայան, որից օգտվում է ինչպես պարկը, այնպես էլ ողջ գյուղը։ Առաջիկայում մտադիր են ավելացնել ներդրումները մոտ 2.5 մլն դոլարի չափով։



Նրա խոսքով՝ յուրաքնաչյուր խենթ ու էքստրեմալ նախագիծ նախևառաջ ծառայում է Ենոքավան համայնքի զարգացմանը։ Պարկում աշխատողները կա՛մ Ենոքավանից են, կամ Իջևանից։ Չիբուխչյանն ասաց, որ մտադիր են 2020 թվականին Յենոքավան այցելողների թիվն ավելացնել՝ հասցնելով տարեկան մինչև 250 հազարի։ Այժմ մոտ 60 հազար է, որոնց մի զգալի մասը տուրիստեր են, նրանց մեջ էլ՝ հիմնականում ռուսներ ու վրացիներ։ Թեպետ՝ մեր այցելության պահին արևելյան երկրներից ևս կային զբոսաշրջիկներ։ Նկատենք, որ Սերժ Սարգսյանն էլ խոստացել է Հայաստանի բնակչությունը 2020 թվականին հասցնել 4 միլիոնի։ Տեսնենք՝ որը շուտ կստացվի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**