Նոր շարք. Կանա, քո հոգեբանը

Նոր շարք. Կանա, քո հոգեբանը
**Hraparak.am**-ը եւ [**Կանա** հոգեբանական կենտրոնը](https://www.facebook.com/kanapsychologicalcenter/) սկսում են նոր շարք՝ «Կանա, քո հոգեբանը»:



Ինչպես Կոմիտաս վարդապետն է ասել, սխալ դաստիարակության արդյունք է, որ շատերը, ովքեր հանճարներ պիտի լինեին, գողեր են դարձել: Ուստի, մեր նպատակն է երեխաների ճիշտ դաստիարակության արդյունքում ունենալ առողջ մտածելակերպով նոր Հայաստան կերտող սերունդ: Մեր շարքի շրջանակներում կանդրադառնանք մի շարք արդիական խնդիրների՝ տարիքային ճգնաժամեր, ծնողների զբաղվածություն, երեխաներով պատշաճ զբաղվելու ժամանակի բացակայությունը, մանկական հոգեբանական գիտելիքի պակաս կամ բացակայություն, ինչը բերում է 2 կամ 3 սերունդների միջև լարվածության, անհասկացողությունների, տարաձայնությունների:



Մենք կօգնենք ձեզ հաղթահարել բարդ իրավիճակները, կպատասխանենք ընթերցողների հարցերին: Ներկայացնում ենք մեր շարքի առաջին հրապարակումը, որը վերաբերում է մանկակակն վախերին:



**Ինչպե՞ս հաղթահարել մանկական վախերը**



Վախը մարդու համար կարևոր հույզ է: Այն օգնում է պաշտպանվել: Եվ այդ պատճառով վախի իսպառ բացակայությունը կարող է վտանգել մարդու կյանքը, դժբախտ պատահարների առիթ հանդիսանալ: Սակայն չափից շատ վախենալը մարդուն կարող է պարալիզացնել: Երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին վախը ինքնապաշտպանական բնույթ է կրում: Նրանք վախենում են բարձր ձայներից, մեծ առարկաներից, հանկարծակի իրավիճակներից:



Հետաքրքիր է, շատ երևույթներ, որոնք մեծերի մոտ վախ են առաջացնում, ընդհակառակը, երեխաների մոտ առաջացնում են հետաքրքրություն: Նրանք կարող են իրենցից մեծ շանը սիրել, մութ սենյակ մտնել, շատ մեծ բարձրությունից ներքև նայել, անգամ փորձել թռչել: Վախերի մեծ մասը ծնողներից են փոխանցվում, կամ ծնողներն են ներշնչում երեխաներին: Օրինակ՝ երեխան տեսնում է, որ մայրիկը վախենում է սարդից և բնազդաբար ինքն էլ սկսում է վախենալ սարդից և այլ միջատներից: Կամ երեխան մոտենում է օտար մի շան, որ սիրի: Մայրը, վախենալով միկրոբներից կամ շան ահռելի տեսքից, ուժեղ և անհանգիստ բղավում է, որ հեռու մնա կենդանուց: Քանի որ երեխաները հուզական ռեակցիաների նկատմամբ շատ ուշադիր են, ընդունում են այն որպես շներից վախենալու նշան:



**Ինչպե՞ս հաղթահարել վախը**



Ծնողները կարող են օգնել երեխաներին, որ հաղթահարեն վախը: Օրինակ, եթե երեխան վախենում է մութ սենյակից, պետք է խնդրել երեխային նկարել, թե ինչն է կոնկրետ այնտեղ իրեն վախեցնում: Սովորաբար դա ինչ որ երևակայական կերպար է: Հետո կարելի է այդ նկարը ծիծաղելի դարձնել՝ ավելացնելով նոր դետալներ, կամ պատռել, կամ ասել, որ երեխան մեկ այլ պատիժ մտածի նրա համար: Սովորաբար նման խաղերը շատ արդյունավետ են լինում: Սակայն, երբ վախը ինտենսիվ է կամ շատ ուժեղ, երեխայի մոտ առաջանում է նեվրոտիկ վիճակ, որն արտահայտվում է տագնապայնության բարձր մակարդակով, երբ ամեն բանից վախվորած է դառնում, մայրիկից հեռու չի գնում: Վախը կարող է արտահայտվել նաև գիշերամիզությամբ, անքնությամբ, մղձավանջային երազներով: Նման դեպքերում անպայման հարկավոր է դիմել մանկական հոգեբանի մասնագիտական օգնության, որպեսզի կանխվեն հետագա բարդությունները:



Մանկական վախը ժամանակին չկանխելու դեպքում կարող է ազդել ինգնագնահատականի վրա, դարձնել նրան վախվորած, կասկածամիտ, տագնապային, անինքնավստահ: Այն կարող է մտավոր և ֆիզիկական սահամանափակումներ առաջ բերել, հիվանդությունների, նևրոզի և դեպրեսիայի պատճառ հանդիսանալ: Վախի բացասական ազդեցությունը որքան շուտ կանխվի, այնքան հետևանքները չնչին կլինեն, իսկ հոգեբանի աշխատանքի արդյունքը՝ արագ ու էֆեկտիվ:



**Հ.Գ.** _Եթե ունեք հարցեր, թեմաների առաջարկներ, մենք սիրով պատրաստ ենք անդրադառնալու դրանց:_