Միրզոյանը հեգնեց․ «Անվտանգության խորհրդի անդամ կարող է լինել ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը»

Միրզոյանը հեգնեց․ «Անվտանգության խորհրդի անդամ կարող է լինել ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը»
Ազգային ժողովում արտահերթ նիստով քննարկվում է կառավարության ներկայացրած Անվտանգության խոհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը։ Նախագծում ամրագրված է, որ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի կազմում չեն լինելու ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը, ինչը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել ընդդիմադիրների կողմից։ Այսօր քննարկվում է նախագծի երկրորդ ընթերցումը, մինչ այդ որոշ կոսմետիկ փոփոխություններ են կատարվել նախագծում, որոնք ներկայացրեց նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Նախագծով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդի անդամներն են`վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:



Նախագծի վերաբերյալ հեգնանք ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Նա մինչ իր խոսքը սկսելը, նախ դիմեց խորհրդարանին ու Արթուր Հովհաննիսյանին՝ վերջինիս դիմելով որպես «քաղաքացի փոխնախարար»։ Սովորաբար պատգամավորները նման դեպքերում օգտագործում են «հարգելի» կոչականը։



«Քաղաքացի պարոն փոխնախարար, հարգելի խորհրդարանական մեծամասնություն և ոչ այնքան մեծամասնություն, ինչպես կհիշեք, ես նախորդիվ այս օրենքի նախագծի մասին իմ կարծիքն արտահայտել եմ, և ասում էի, որ դեմ եմ, որ ԱԺ նախագահը, հանրապետության նախագահը Անվտանգության խորհդրի կազմից հանվեն, հետո ես երկար մտածեցի էս առաջրկվող գծի մասին և հասկացա, որ էստեղ շատ լուրջ տրամաբանություն կա, և առաջարկում եմ, որ հետայսու գործադիրն ավելի հետևողական լինի իր այս բռնած քաղաքական կուսրի մեջ և անի հետևյալ փոփոխությունները․ բոլոր այն մարդիկ, ովքեր գրված են հիմա Անվտանգության խորհրդում, էդ ինստիտուտները, հանել բոլորին և սահմանել, որ Անվտանգության խորհրդի անդամ կարող է լինել ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը։ Կարծում եմ՝ սրանով տրամաբանությունը կամբողջացվի»,-հեգնեց Արարատ Միրզոյանը՝ իր նշած այդ երեք պաշտոններում էլ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին։



Շարունակելով սարկազմը՝ Միրզոյանը մեջբերեց նաև մի «ժողովրդական խոսք», որը քաղաքական երանգ ստացավ 2015-ի փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի նիստում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյաննի ելույթից հետո․ «Ասում ա՝ մեխն էլ ա ձեր ձեռքը, չագուճն էլ, խփեք գնա, մինչև կտենանք՝ կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ չագուճը»։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**