Քաղաքականության մեջ խոստումը դրժելը բարոյական և տղամարդկայի՞ն երևույթ է

Քաղաքականության մեջ խոստումը դրժելը բարոյական և տղամարդկայի՞ն երևույթ է
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հիշեցրինք Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի ապրիլին արած այն խոստում-հայտարարությունը, որ եթե Սահմանադրությունն ընդունվի, ու երկիրն անցնի խորհրդարանական կառավարման մոդելի, ինքը չի առաջադրվի ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում։ Մինչդեռ շատ հանրապետականներ այսօր պատրաստ են նրան խնդրել, համոզել, որ առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Արդյոք ինքը պատրա՞ստ է ասել Սերժ Սարգսյանին՝ մոռանալ իր խոսքերը, և առաջադրվել վարչապետի պաշտոնում, «քանի որ երկիրը կախված է նրանից»։



«Մենք էդպիսի տրամադրություն չունենք, էդ հարցը գտնվում է հանրապետականների դաշտում, և իրենք պետք է էդ խնդիրը որոշեն և առաջադրեն։ Մենք նախապես չենք իրենց հետ քննարկելու, թե ում առաջադրեն։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ապա Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի լավ, քան ինքը, ոչ ոք չի կարող մեկնաբանել»,- ասաց Ռուստամյանը։



**Hraparak.am**-ը հարցրեց նրան՝ քաղաքականության մեջ խոստումները դրժելը նորմա՞լ երևույթ է, որ մի քաղաքական գործիչ այսօր մի բան ասի, հաջորդ օրը դրժի իր խոսքն ու այլ բանի անի։



Ռուստամյանը փորձեց մանևրել․ «Գիտե՞ք, ի տարբերություն բոլոր մնացած քաղաքական ուժերի և գործիչների, Դաշնակցությունը, երբ որ գնում էր էս փոփոխություններին, առաջին իսկ պահից մենք չենք դա պայմանավորել որևէ անձով։ Եվ մենք անգամ այդ ժամանակ բազմիցս կրկնել ենք, որ չենք էլ բացառում, որ շատ հնարավոր է, որ նույն Սերժ Սարգսյանը հավակնի կամ վարչապետի պաշտոնում լինի․․․ Անձերի փոփոխությունը միշտ էլ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի ունենալու՝ անկախ համակարգից։ Էնպես, որ ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում։ Ես՝ ինքս, եթե էդպիսի բան արած լինեի, հիմա ինձ օր ու արև չէին տա․․․»։



-**Իմ հարցը այլ էր, պարոն Ռուստամյան, քաղաքականության մեջ խոստումը դրժելը բարոյական և տղամարդկայի՞ն երևույթ է, թե՞ ոչ**։



-Դե, ես չեմ ուզում ընդհանրապես դատել մարդկանց՝ բարոյական, տղամարդկային, դրանք հիմա էնպիսի կատեգորիաներ են, որ ընդհանրապես շատ առաձգական են դարձել հիմա։ Նայած՝ ինչ սկզբունքներով ենք բարոյականությունը գնահատում։



-**Տղամարդը պե՞տք է իր խոսքի տերը լինի քաղաքականության մեջ**։



-Ընդհանրապես ցանկացած մարդ պիտի իր խոսքի տերը լինի։ Եթե ինքն իր խոսքի տերը չի, ուրեմն ինքն ընդհանրապես որևէ անելիք չունի չունի հասարակության մեջ, և իր խոսքը պահելն ամենագլխավոր հատկանիշն է մարդու բարոյական արժեքների մեջ։ Շատ պիտի մտածես՝ ինչ ասես։



-**Եթե Սերժ Սարգսյանը դրժի իր խոսքը և դառնա վարչապետ, ի՞նչ անելիք կունենա նա հասարակության մեջ**։



-Սերժ Սարգսյանն անելիք ունի, և դրա հետ կապված բոլորովին այլ գնահատականներ պիտի տրվեն՝ ընդհանուր նայելով իր անցած ճանապարհը։ Ես տեսնում եմ, որ էն փոփոխությունները, որոնք Հայաստանում իսկապես կատարվել են, առանց Սերժ Սարգսյանի ցանկության՝ դա չէր կատարվի։ Սա միանշանակ է։ Եվ այդքանը բավական է, որ մենք հարգանքով վերաբերվենք նրան և նրա ցանկացած որոշմանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**