Արեւային ջրատաքացուցիչ՝ գազի եւ փայտի վառարանների փոխարեն

Արեւային ջրատաքացուցիչ՝ գազի եւ փայտի վառարանների փոխարեն
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ակտիվ գործակցությամբ շարունակում են բնապահպանական այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս արձանագրել նաեւ տնտեսական արդյունավետ ցուցանիշ: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ամփոփվել են հերթական ծրագրի արդյունքները: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Հեքիաթ» թիվ 2 մանկապարտեզում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ։ Դա թույլ կտա մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել առավել հանգիստ եւ ապահովել սաների պարտաճանաչ հաճախելիություն՝ անկախ եղանակային պայմաններից:



Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը եւ քաղաքի բնակիչները։



«Ջեռուցման այն մեթոդները, որոնք կիրառվել են այս մանկապարտեզում մինչեւ այլընտրանքային էներգիայով առաջարկվող լուծումը, մեղմ ասած, հնացած են, ոչ արդյունավետ, վտանգավոր եւ անընդունելի: Հարյուր սան դաստիարակող կոլեկտիվի համար անչափ բարդ է երեխաների անվտանգությունն ապահովել տաք վառարանների մոտ: Ուրախ եմ, որ հաջողված գործընկերության եւ ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում իրավիճակը փոխվել է: Ուզում եմ հավատալ, որ նոր հնարավորությունները ոչ միայն կթեթեւացնեն դաստիարակների հոգսը, այլեւ կնպաստեն առավել արդյունավետ աշխատանքին եւ ծնողների հանգստությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Մանկապարեզում ջեռուցումը նախկինում իրականացվել է գազի եւ փայտի վառարաններով: Դա եղել է խնդրի ծախսատար եւ մասնակի լուծում. շենքն ամբողջությամբ չի ջեռուցվել: Նոր համակարգի գործարկման արդյունքում իրավիճակը լիովին փոխվել է: Այժմ մանկապարտեզի ամբողջ տարածքը տաքացվում է բացառապես արեւային ջրատաքացուցիչի միջոցով՝ 40%-ով կրճատելով ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:



Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզն ունի մոտ 100 սան։