ԱԺ 64 պատգամավոր կողմ էր, որ Հրայր Թովմասյանը հեռանա խորհրդարանից (տեսանյութ)

ԱԺ 64 պատգամավոր կողմ էր, որ Հրայր Թովմասյանը հեռանա խորհրդարանից (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր նախագահ ընտրելուց զատ ընտրեց նաև ՍԴ անդամ, որի համար առաջադրվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց քվեարկության արդյունքները։ «Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 93-ը։ Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնաժողովը պարզեց՝ քվեատուփում առկա է 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել երկուսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ՝ 64, դեմ՝ 27: Այսպիսով, Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,-հայտարարեց Մելիքյանը։



Այնուհետև ելույթ ունեցավ Հրայր Թովմասյանը՝ կարդալով ՍԴ անդամի երդման տեքստը։ Մինչ երդմանն անցնելը, Թովմասյանը որոշեց հումոր անել իրեն դեմ քվեարկածների մասով։ «Շնորհակալ եմ վստահության համար, իսկ 27 դեմ ձայները ես դիտարկում եմ որպես ձայներ, որ մարդիկ չէին ուզում, որ ես Ազգային ժողովից գնամ»,-ասաց Թովմասյանն, ու դահլիճում սկսեցին ծիծաղել։



Ստացվում է՝ 64 պատգամավոր շատ էր ուզում, որ Թովմասյանը գնար խորհրդարանից, ինչն էլ արտահայտել են իրենց քվեարկությամբ։ Իրականում, խորհրդարանում, այդ թվում՝ հատկապես ՀՀԿ-ականների շրջանում քիչ չեն այն պատգամավորները, որոնք իսկապես սրտանց ցանկանում էին, որ Թովմասյանը հեռանա խորհրդարանից։ Թովմասյանի հանդեպ իրենց հակակրանքը ոմանք չէին էլ թաքցնում ինչպես մասնավոր զրույցներում, այնպես էլ բանավեճերի ու քննարկումների ժամանակ իրենց՝ որոշակի ենթատեքստերով ունեցած ելույթներով, պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկումներում նրան ակնհայտ դեմ արտահայտվելով, հակառակվելով և այլն։



Կարդալով ՍԴ անդամի երդման տեքստը՝ Թովմասյանն ասաց․ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը։ Շնորհակալություն, հաջողություն, ես ձեզ կկարոտեմ։ Հաջողություն»։ ԱԺ նիստի այս քառօրյայի օրակարգն այսքանով սպառվեց։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**