Շիրակի թեմի առաջնորդը տեր չկանգնեց իր «զոհված գառին», ժողովուրդը կանգնեց․․․

Շիրակի թեմի առաջնորդը տեր չկանգնեց իր «զոհված գառին», ժողովուրդը կանգնեց․․․
Եթե մի տեղ ասեն, որ հայրենիքի համար զոհված զինվորի մարմինը եկեղեցական թեմի առաջնորդը չի թույլատրել դնել եկեղեցում, կսարսափեն մարդիկ նման առաջնորդից։ Կսարսափեն ու կասեն՝ դա իրո՞ք եկեղեցի է։



Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի։ Ոչ մի խրատաբանություն չեմ ուզում լսել ոչ հոգևոր և ոչ էլ աշխարհիկ առումով։ Աստվածաշունչը տալիս է դրա պատասխանը․ եկեղեցին ժողովուրդն է։



Ախուրյան համայնքի բնակչությունը հավաքվեց և որոշում ընդունեց՝ զոհված զինվորի մարմինը տեղափոխել եկեղեցի: Եվ բոլորը միասին ոտքով շարժվեցին այնտեղ: Համայնքապետն ասում է․ «Ես այսօր չեմ կարող դեմ գնալ մեր համայնքին, մեր ազգաբնակչությանը, սա ամբողջ համայնքի պահանջն է, արդեն երկրորդ օրն է՝ ինձ հանգիստ չեն տալիս բնակիչները: Եկեղեցին գրավելու, գրոհելու կամ զավթելու խնդիր չկա, էդպես է որակավորվում, ինչքան հասկացա»։



Եթե Շիրակի թեմի առաջնորդը տեր չէ իր «զոհված գառին», ժողովուրդը տեր կկանգնի։ Հոգևոր առաջնորդը եթե զոհված զինվորի մարմնի առաջ անգամ չի խոնարհվում, պարտավոր է խոնարհվել ժողովրդի առաջ։ Ախուրյան համայնքը ցույց տվեց, որ եկեղեցին ժողովուրդն է։



ՀԳ Ահա այս մասին չպիտի իմանար թշնամին․․․



Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:



Գրիգորը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։ Հարազատները ցանկություն էին հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի, որպեսզի եկեղեցում կատարվեն արարողակարգերը: Սակայն Շիրակի թեմի առաջնորդը դեմ է եղել։ Այդպես են հաղորդում լրատվական աղբյուրները։



Հասմիկ Բաբաջանյան