Երեւանի ավագանու նիստերը պետք է հասու լինեն լրագրողներին․ Վիգեն Խաչատրյան

Երեւանի ավագանու նիստերը պետք է հասու լինեն լրագրողներին․ Վիգեն Խաչատրյան
ԶԼՄ-ներին սպասվում են ծանր ժամանակներ։ Դեռ նոր էինք փորձում «մարսել» «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ կառավարության նիստերն անցնելու են դռնփակ, եւ միայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցնել դռնբաց, երբ պարզվեց, որ հիմա էլ Երեւանի քաղաքապետարանն է փորձում սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը։



ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ կառավարության նիստերը կարող են նաեւ հետագայում լուսաբանվել, պարտադիր չէ, որ դրանց լրագրողներն անմիջապես հետեւեն։ « Կառավարության նիստերի որոշումները գաղտնի չեն, կարելի է դրանց մասին հետագայում իմանալ։ Իսկ թե դրանք ինչպես են ընդունվել, կարծում եմ, որ բանավեճին մասնակցելը պարտադիր պայման չէ։ Գործադիր մարմին է, որոշումներ են ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը։



Վիգեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ խոսքի ցանկացած սահմանափակում հանգեցնում է բացասական հետեւանքների, եւ պետք է խուսափել նման երեւույթներից։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու նիստերին, ապա Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ դրանց լրագրողները պետք է ներկա գտնվեն, քանի որ ներկայացուցչական մարմին է։ Ավագանու նիստերին, ըստ նրա, չի կարելի սահմանափակել լրագրողների մասնակցությունը։ Նիստերն անմիջապես պետք է հասու լինեն լրագրողներին։ Նա հիշեցնում է, որ կա ընդունված կարգ, որի համաձայն՝ հայտեր են ներկայացնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ ցանկության դեպքում մասնակցում ավագանու նիստերին, կարծիք հայտնում։



«Ցանկալի է, որ Երեւանն առանձին ալիք ունենա, եւ այդ նիստերն ուղիղ հեռարձակվեն, ինչպես խորհրդարանի նիստերն են հեռարձակվում»,- ասաց մեր զրուցակիցը։