Թովմասյանը «պրոբլեմ չունի»

Թովմասյանը «պրոբլեմ չունի»
ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում՝ ապրիլի 27-ից մինչեւ մարտի 2-ը, ԱԺ-ն չորս ընտրություն կկատարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի անդամի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի եւ ՀՀ նախագահի։ Չնայած ՀՀԿ-ի ձայներն ամբողջովին բավարարում են ՍԴ անդամի ընտրության համար, այդուհանդերձ, Հրայր Թովմասյանը երեկ հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ՝ հայցելով նրանց աջակցությունը։ Անգամ ՀՅԴ խմբակցությունն է հյուրընկալել նրան, որի ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից նա ժամանակին բնորոշվել էր Մալխասյանի բառարանի հայտնի բառով։ «Դա անցած-գնացած պատմություն է, Հրայրը մեր ընկերն է, ու մեր ձայնն էլ՝ Հրայրինը»,- վստահեցրեց ՀՅԴ մեր աղբյուրը։



Ռուստամյանը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, հարցեր չեն եղել, հանդիպումն էլ գրեթե նոն-ստոպ ռեժիմով է ընթացել։ «Ելք»-ում էլ են Թովմասյանին ջերմ ընդունել։ Իսկ ինչպե՞ս կքվեարկեք։ «Ինչպես խմբակցությունում որոշենք»,- ասաց **Էդմոն Մարուքյանը**։



Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումն ավարտվում է մարտի 23-ին, երբ կլրանա նրա 70-ամյակը: Հրայր Թովմասյանը համարվում է Հարությունյանի ժառանգորդը։ Հարությունյանի ժամկետը լրանալուց հետո 30-օրյա ժամկետում պետք է Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրվի:



Այսինքն՝ ընտրությունները կարող են կայանալ մարտի 24-ից մինչեւ ապրիլի 22-ը: Այստեղ, սակայն, մի նրբություն կա․ քանի որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության որոշ դրույթներ՝ այդ թվում եւ Սահմանադրական դատարանին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից հետո, ապա ընտրության օրը մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով կընտրվի Սահմանադրական դատարանի նոր նախագահը եւ թե որքան կպաշտոնավարի: Եթե Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունները կայանան մինչեւ ապրիլի 9-ը, կգործի 2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, որի համաձայն՝ ԱԺ-ին է վերապահված Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու իրավունքը, իսկ ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ 65 տարեկան դառնալը: Սակայն, եթե Սահմանադրական դատարանի ընտրությունները նշանակվեն ապրիլի 9-ից հետո, կգործի արդեն 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որի համաձայն՝ արդեն ՍԴ-ն է իր կազմից ընտրում նախագահ՝ միայն 6 տարի ժամկետով եւ առանց վերընտրվելու իրավունքի:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**