161 քաղաքացի՝ ընդդեմ կոյուղաջրերի

161 քաղաքացի՝ ընդդեմ կոյուղաջրերի
Երեւանի ավագանիում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ ՀՀԿ-ականները ծեծի ենթարկելով դուրս արեցին կոյուղաջրի տարայով նիստը տապալած ավագանու «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, եղան արձագանքներ, որ տարիներ շարունակ Նուբարաշեն վարչական շրջանում ապրող քաղաքացիները չեն բողոքել կոյուղաջրերից, բողոքի ակցիաներ չեն արել Երեւանի քաղաքապետարանի մոտ։ Հիշեցին նաեւ այն մասին, որ, ինչպես մյուս վարչական շրջաններում, այնպես էլ Նուբարաշենում ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում ստացել է քվեների գերակշիռ մասը։



Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում` elections.am, հրապարկված են 2017թ․ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Ըստ այդ տեղեկատվության էլ՝ Նուբարաշենում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 8,133, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 4,284։ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք»-ին ընտրել է 450 քաղաքացի (10,68%), «Երկիր ծիրանի»-ին՝ 161 քաղաքացի (3,82%), իսկ ՀՀԿ-ին՝ 3,602 քաղաքացի (85,50%): Այսինքն՝ կոնկրետ այս վարչական շրջանի օրինակով կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն, բրեժնեւյան ժամանակների պես, գրանցել է տպավորիչ հաղթանակ՝ գերազանցելով 80 %-ի սահմանագիծը։



«Երկիր ծիրանի» կուսակցությունը փորձել է տեր կանգնել իրեն քվե տված թեկուզ քչաթիվ քաղաքացիների իրավունքներին՝ բարձրաձայնելով նրանց կյանքը թունավորող կոյուղաջրերի մասին։ Այդ մասին ԱԺ-ում չեն բարձրաձայնել Նուբարաշեն վարչական շրջանից ընտրված ԱԺ պատգամավորները, պաշտոնյաները լուծում չեն տվել այդ խնդրին՝ տարատեսակ միջոցառումների վրա մսխվող գումարները փորձելով ծառայեցնել հանրությանը։ Եվ հիմա եկել է ժամանակը, որ գոնե «Երկիր ծիրանի»-ին ընտրած 161 քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ պաշտպանելով Մարինա Խաչատրյանին ու «Երկիր ծիրանի»-ին՝ կոյուղաջրերի վրա հանրության, պետական կառույցների ուշադրությունը հրավիրելու համար։