Լեզվի տեսչությունն ուզում են ոչ թե լուծարել, այլ դրան ավելի բարձր կարգավիճակ տալ

Լեզվի տեսչությունն ուզում են ոչ թե լուծարել, այլ դրան ավելի բարձր կարգավիճակ տալ
Լեզվի պետական տեսչության լուծարման մասին անցյալ տարի շատ խոսվեց մամուլում, թե կառավարությունը մտադիր է լուծարել տեսչությունը։ Բայց այն դեռ կա եւ շարունակում է գործել, ղեկավար **Սերգո Երիցյանն** էլ իր տեղում է։



«Տեսչությունը գործում է, որեւէ փաստաթղթով լուծարված չէ եւ գործում է էն օրենսդրական հնարավորությունների սահմաններում, որ կան, գոյություն ունեն։ Մասնավորապես, ասենք, հիմա մենք շատ զարգացնում ենք դիտարկումների, մշտադիտարկումների, իրազեկումների ինստիտուտը, որ հնարավորություն է տալիս մեզ տեսնել հրապարակային գրվածքի իրավիճակը, պահպանել, հետեւել եւ հարկ եղած դեպքում տնտեսվարող սուբյեկտներին առնվազն գոնե զգուշացնել»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Երիցյանը։ Նա ասաց, որ տեսչությունը ոչ թե ուզում են լուծարել, այլ դրան ավելի բարձր կառավարման վիճակ են ուզում տալ՝ պետական կոմիտեի կարգավիճակ․ «Այսինքն՝ այդ փաստաթղթերը գոյություն ունեն, գտնվում են կառավարությունում, եւ, ամենայն հավանականությամբ, կա՛մ կվերակազմակերպվի, կա՛մ կստեղծվի Լեզվի կոմիտե»։



-**Կրթության նախարարության ենթակայությա՞մբ կգործի, թե՞ անկախ մարմին կլինի**։



-Դժվար է ասել, համենայնդեպս, էսօրվա նախագծերից մեկի մեջ կրթության նախարարության կազմում է։



-**Ի՞նչ եք կարծում, ձեր լծակներն ու լիազորություններն ավելի կամրապնդվե՞ն, թե՞…**



-Որոշակիորեն, անկասկած, լիազորությունները կամրապնդվեն, կուժեղանան, դրան զուգահեռ՝ անհրաժեշտ կլինի օրենսդրական հստակ եւ համապարփակ փոփոխություններ կատարել, որպեսզի լիազորությունների բարձրացումը եւ զարգացումն իրենց հետ բերեն նաեւ մյուս անհրաժեշտ լծակների գոյության։



-**Պարոն Երիցյան, չե՞ք կարծում, որ այս տարիներին տեսչության ոչ արդյունավետ գործունեության արդյունքում որոշվեց կառուցվածքային փոփոխություն կատարել**։



-Ընդհակառակը, ես կարծում եմ՝ վերջին տարիներին եղած օրենսդրության եւ եղած հնարավորությունների սահմանում Lեզվի տեսչությունն առավել արդյունավետ է գործել, եղել են օրենսդրական թերացումներ, բացեր, որոնք անհրաժեշտություն է եղել փոփոխություններ կատարելու, բայց կարծես թե արդեն մի քանի տարի քննարկվում է տեսչական բարեփոխումների խնդիրը, եւ բոլորը կարծես թե հույսները կապում են, որ այդ բարեփոխումները կլինեն, բոլոր մնացած հարցերն այդ բարեփոխումների տիրույթում լուծումներ կստանան։ Բայց այդպես չէ։ Ամեն մի ժամանակ իր պահանջներն ունի, եւ մենք փորձել ենք մեր ունեցած հնարավորությունների սահմաններում գործել առավել արդյունավետ։ Եվ այսօր, եթե մենք տարեկան մոտավորապես 300 հրապարակային գրվածքի փոփոխության հարցեր ենք լուծում, ապա դրան նախորդած տարիներին մեր արդյունքը չի գերազանցել 70-ը։



-**Իսկ եթերից հնչող հրապարակային խոսքին հետեւո՞ւմ եք**։



-Հետեւում ենք, բայց, օրինակ, հրապարակային խոսքը հեռուստատեսությամբ, ըստ գործող օրենսդրության, վերահսկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Այսինքն՝ մենք ընդամենը բարի կամք կարող ենք դրսեւորել եւ ուսումնասիրել, ուղարկել, ուշադրություն հրավիրել, ինչն արել ենք այս տարիների ընթացքում։ Բայց եղել է օրենսդրական առաջարկություն, որ այդ իրավունքը տան Լեզվի պետական տեսչությանը, որը քննարկումների արդյունքում դեռեւս վերջնական լուծում չի ստացել։ Եվ ես այս տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, ցավոք, ժամանակն առաջ է գնում, բայց մենք օրենսդրությունից հետ ենք ընկնում։ Տասը տարի առաջվա օրենսդրությունն այսօր նույն արդյունավետությամբ չի գործում, քան առաջ էր։



-**Ձեզ գոհացնո՞ւմ է, օրինակ, Ազգային ժողովի ամբիոնից կամ կառավարությունում հնչող հրապարակային խոսքը**։



-Իհարկե, ոչ։ Մենք էսօր ավել բան չենք կարող անել, քան ուսումնասիրել, իրենց ուղարկել, ուշադրություն հրավիրել։ Դրա համար եմ ես ասում, որ այսօր անհրաժեշտ է օրենսդրական համապարփակ փոփոխություններ, որտեղ կընդգրկվեն Ձեր ասած հրապարակային ելույթները հեռուստատեսությամբ, Ազգային ժողովում եւ այլն, ու մեզ իրավունք կտրվի, որպեսզի մենք կարողանանք այդ լծակները կիրառել։



-**Դուք ակնկալում եք այնպիսի լծակ ունենալ, որ կարողանաք սանկցիա՞ կիրառել, օրինակ, որեւէ նախարարի, պատգամավորի, նաեւ վարչապետի հրապարակային խոսքի նկատմամբ**։



-Գիտե՞ք, ես չեմ կարծում, որ մեր նպատակը որեւէ մեկի նկատմամբ սանկցիա կիրառելն է։ Զգուշացման, իրազեկման մեխանիզմները պետք է գործի դնել։ Մենք էսօր եկել ենք մի ժամանակահատված, որտեղ գուցե պատժամիջոցների կիրառմանը պետք է փոխարինի ավելի շատ պրոֆիլակտիկան։ Պատժամիջոցը պետք է լինի ավելի շատ վերին շերտը, որին դու դիմես։



-**Կարծում եք՝ կառավարությունն իրեն ենթակա կառույցին կօժտի՞ իրեն դիտողություն անող, իր ձեռքին խփող լիազորություններով**։



-Հիմա էլ ենք անում։



-**Իսկապե՞ս։ Օրինակ՝ քանի՞ անգամ եք վարչապետին դիտողություն արել նիստի ժամանակ ռուսերեն բառեր օգտագործելու, խոսակցական բառապաշարով նիստերը վարելու համար**։



-Գիտե՞ք ինչ կա, մենք ընդհանրապես խոսել ենք այդ մասին, բարձրաձայնել ենք մամուլում, ասուլիսների ժամանակ…





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**