«Իրանը մեզ ավելի էժան գնով գազ չի առաջարկում»․ փոխնախարար

«Իրանը մեզ ավելի էժան գնով գազ չի առաջարկում»․ փոխնախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Հայկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Իրանի դեսպանի այն հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է Հայաստանին հարմար գնով գազ վաճառել։ Հարցրինք նրան՝ ինչ ասել է հարմար գին։



Փոխնախարարը նախ նշեց, որ մենք Իրանից գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում 2017-ին ունեցել ենք գազի ձեռքբերման 2.9 տոկոս աճ, իսկ այս տարի պլանավորում են այդ գործարքի ծավալների ավելացում։



«Ինչ վերաբերում է Իրանից գազի ուղիղ գնմանը, երբ որ դուք ինձ ներկայացնեք՝ որն է այդ սահմանումը հարմար գնի, ես միգուցե ավելի կոնկրետ պատասխան տամ, բայց ձեզ հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»,- ասաց Հարությունյանը։



Իսկ արվե՞լ են կոնկրետ գնային առաջարկիներ այս ընթացքում, Հարությունյանն ասաց, որ արվել են, բայց չմանրամասնեց, թե ինչքան են եղել դրանք․ «Այնպես չի, թե մշտապես այդ հարցը մեր օրակարգում չի։ Իրանն էլ է շահագրգռված իր գազի արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, իսկ մենք շահագրգռված ենք ավելի մատչելի գնով ձեռք բերելու»։ Փոխնախարարի հավաստմամբ՝ այստեղ քաղաքական խոչընդոտ չկա։



**Hraparak.am**-ը նկատեց, որ Իրանի դեսպանն իր այդ հայտարարությամբ, ըստ էության, գնդակն ուղարկել է մեր դաշտ, արդյոք չեն պատրաստվո՞ւմ արձագանքել դրան, փոխնախարարն այսպես արձագանքեց․ «Մեզ մոտ տպավորություն է, որ դուք մենակ Իրանի դեսպանների հայտարարությունն եք լսում, մեր հայտարարությունները չեք լսում։ Այս հարցով բազմիցս մենք խոսել ենք, մենակ ես երևի անցած տարի տասը տարբեր հարցազրույցներում այս հարցին անդրադարձել եմ և հստակ նշել եմ, որ Իրանի կողմից ներկա պահին, անկախ այն փաստից, որ մենք բանակցում ենք, իրենց ասել ենք այն գնային քաղաքականությունը, որ մենք ունենք, այն ալտերնատիվ գինը, որ մենք ունենք, ներկա պահին ավելի մատչելի գին մեզ չի առաջարկվում»։



**-Այդ դեպքում ինչո՞ւ է դեսպանը նման հայտարարություն անում։**



-Իրեն հարցրեք, ես իր խոսքրեը չեմ մեկնաբանում։



**-Չեք պատրաստվո՞ւմ արձագանքել։**



-Ես արձագանքում եմ՝ Իրանը մեզ ավելի էժան գնով գազ չի առաջարկում։ Էս թեման փակենք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**