Արթուր Դավթյանի համար տրամաբանական է, որ գլխավոր դատախազը Անվտանգության խորհրդի կազմում չի լինելու

Արթուր Դավթյանի համար տրամաբանական է, որ գլխավոր դատախազը Անվտանգության խորհրդի կազմում չի լինելու
ՀՀ արդարադատության նախարարության «կազմած» Անվտանգության խորհրդի կազմը այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել ու մի շարք հարցականներ առաջացրել։ Բանն այն է, որ նոր ձևավորվող Անվտանգության խորհրդի կազմում չեն լինելու ՀՀ գլխավոր դատախազը և ԱԺ նախագահը։ Բայց կլինեն վարչապետը, փոխվարչապետները, ԱԱԾ տնօրենները, ոստիկանապետը։ Սա տարակուսանք է առաջացրել իրավապահ համակարգում, թե ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը չլինել Անվտնագության խորհրդում, այն դեպքում, երբ ուժային կառույցներից ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանապետը, օրինակ, լինելու են։



Սա շատերի համար տարակուսելի է, նույնիսկ իշխանության ներսի իրավաբանները տրամաբանություն չեն տեսնում այս որոշման մեջ, թեպետ՝ չեն համարձակվում հրապարակավ արտահայտվել։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար, սակայն, ԱԽ կազմում գլխավոր դատախազի չլինելը տրամաբանական երևույթ է։ «Շատ տրամաբանական է, որովհետև տեսնում ենք նոր Անվտանգության խորհրդի կառուցվածքային ներգրավվածությունը, տեսնում ենք նրա առջև դրված խնդիրներն ու լիազորությունները, և այնտեղ գլխավոր դատախազն անելիք չունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատախազը։



Թե ինչպես է տեսնում Անվտանգության խորհրդի խնդիրներն ու անելիքները, դատախազը չասաց։ Կարևորը, որ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազին, որն ի պաշտոնե նաև հսկողություն է իրականացնում նույն այդ անվտանգությունն ապահովող մարմինների գործողությունների նկատմամբ, Անվտանգության խորհրդի կազմում չի տեսնում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**