Լեւոն Քոչարյանի ընկերության համար ԱՊՊԱ անող գործակալը դադարեցրել է գործունեությունը․ մաքսատնից հանդես են եկել առաջարկությամբ

Լեւոն Քոչարյանի ընկերության համար ԱՊՊԱ անող գործակալը դադարեցրել է գործունեությունը․ մաքսատնից հանդես են եկել առաջարկությամբ
Բագրատաշենի մաքսակետի տարածքում հունվարի 1-ից ապահովագրական գործունեություն ծավալող «Նաիրի Ինշուրանս» ընկերության «Թոփ-Սփին» գործակալությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում հարեւանությամբ գործող ԱՊՊԱ ծառայություններ մատուցող մյուս գործակալների նկատմամբ: «Թոփ-Սփին»-ը ի տարբերություն մյուս ընկերությունների կարողացել է տարածք վարձակալել հենց մաքսակետի տարածքում եւ շահութաբեր գործունեություն իրականացնել, իսկ մյուս գործակալները մղվել են երկրորդ պլան եւ գործում են մաքսատնից 300 մետր հեռավորություն վրա։ Եւ Հայաստան ժամանող մարդիկ մաքսակետում ԱՊՊԱ են անում հենց «Թոփ-Սփին» գործակալությունում, քանի որ այն ավելի մոտ է։



Բագրատաշենի մաքսատնից որոշակի հեռավորություն վրա ԱՊՊԱ ծառայություն մատուցող գործակալներից Արթուր Ամիրաղյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի վերաբերյալ հանդիպել են մաքսատան պետի հետ, վերջինս առաջարկություն է արել. «Իրենք մեզ առաջարկել են մաքսատան տարածքում բոլոր գործակալություններով գործունեություն ծավալելու մեկ տարածքում։ Հիմա մենք դրա հետ կապված որոշակի քննարկումներ ունենք, որ վաղը մենք պետք է ընդհանուր հայտարարի գանք, պատասխանենք, հանդիպենք նորից ՊԵԿ-ի աշխատակիցների հետ։ Մենք տրամադրված ենք ընդհանուր եզրեր գտնել, ընդհանուր հայտարարի գալ եւ աշխատել։ Տեխնիկական հարցեր կան՝ կազմակերպվելու հարցեր կան, մենք պետք է հաճախորդ սպասարկենք, պետք է հասկանանք՝ կարող ենք էդ ամեն ինչը կազմակերպել, որ հետո փաստի առաջ չկանգնենք, չառաջանա այնպիսի վիճակ, որ հաճախորդների սպասարկումը պատշաճ ձեւով չլինի»։



Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին «Թոփ-Սպին» գործակալությունն իր գործունեությունը դադարեցրել է իրենց պահանջով։ Արթուր Ամիրաղյանը դժվարացավ ասել, թե ինչու են հենց այդ գործակալությանը տվել մենաշնորհային դիրք․ «Իմ կարծիքով՝ դա ամենակարեւոր հարցը չի այստեղ»։



«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրենի տեղակալ **Մանե Մարտիրոսյանը** մեզ հետ զրույցում, պարզաբանելով իրավիճակը, նշեց, որ «Թոփ-Սպինը» իրենց ընկերության հազարավոր գործակալներից մեկն է եւ ոչ միայն «Նաիրի Ինշուրանսի» գործակալն է, այլ նաեւ այլ ապահովագրական ընկերության․ «Որեւէ մենաշնորհի մասին խոսվել չի կարող։ Մեզ համար շատ զարմանալի է, թե ինչու «Նաիրի Ինշուրանսի» անվանումը շահարկվեց, եւ ոչ թե մյուս ապահովագրական ընկերության, այսինքն՝ ինքը ունիվերսալ գործակալ է։ Մեր անվանումը այստեղ անհարկի շահարկում են»։



Հարցին՝ խոսակցություններ կան, որ այդ գործակալը մենաշնորհային դիրք ունի, քանի որ «Նաիրի Ինշուրանսի» բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի որդին է, Մանե Մարտիրոսյան պատասխանեց․ «Մենք պետք է հասկանանք՝ գերիշխող դիրք կա, թե չէ, անկախ բաժնետերը կամ իր հետ կապված ընտանիքի անդամները ովքեր են, պետք է սկսենք դրան նայել՝ գերիշխող դիրք ունի, թե չէ։ Հիմա, եթե դիտարկում ենք, այդ իրավաբանական անձը հանդիսանում է նաեւ այլ ապահովագրական ընկերության գործակալ, այստեղ կապել բաժնետերի հետ, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, մենք դա դիտարկում ենք անհարկի շահարկում, եթե լիներ միայն մեր գործակալը, ինչ-որ մի տեղ գուցե կարողանայինք կապ տեսնել, բայց այս պարագայում մենք բացառում ենք դա»։



**Աննա Պապիկյան**