Հայաստանը թմրամիջոցների տրանզի՞տ

Հայաստանը թմրամիջոցների տրանզի՞տ
Տարիներ առաջ Հայաստանի իրավապահ համակարգում աշխատած, ապա արտագաղթած պաշտոնյան, որն ուշիուշով շարունակում է հետեւել հայաստանյան զարգացումներին, ուշագրավ մանրամասներ է պատմել իր անցյալի փորձից։



Առիթը՝ հերթական անգամ թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու միջադեպն էր։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Մեղրիի մաքսակետում 105 կիլոգրամ հերոինի պարտիա հայտնաբերվեց Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարում։



Նախկին իրավապահը մեզ պատմեց, որ Հայաստանը մշտապես որպես տրանզիտ երկիր է ծառայել արեւելքի եւ արեւմուտքի երկրների միջեւ։ Եւ դա իրավապահ համակարգում բոլորը գիտեն։ Մենք չենք կարող այդ սխեմայից դուրս մնալ, ոչ էլ դրա դեմ պայքարել, քանզի ողջ աշխարհը «նստած» է թմրամիջոցների վրա եւ դա նաեւ տարբեր պետությունների ղեկավարների ու կառավարությունների իմացությամբ ու միջոցով է կազմակերպվում։ Մեզանում՝ առավել եւս, այդ փոխադրումներին մասնակից է եւ իշխանությունը, եւ իրավապահ համակարգը, եւ մաքսայինը, եւ գողական աշխարհը։ Որոշ դեպքերում Հայաստանի միջով տրանզիտ անցնող վտանգավոր բեռները ուղեկցվում են հատուկ նշանակված անձանց կողմից, որոնք մի սահմանի մոտ ընդունում են «բեռը» եւ ուղեկցում մինչեւ մյուս սահմանը։ Սրանից նաեւ հսկայական միջոցներ են մտնում երկիր՝ որպես «տրանզիտ» մեզ վճարում են։ Ուղեկցողը հիմնականում հանրապետությունում հայտնի գողականներից մեկն էր լինում, որին իշխանությունը վստահում է եւ որը տարիներ շարունակ «բարեխղճորեն» կատարել է իր պարտականությունները։ Այդ բեռների նկատմամբ շատ զգույշ էին նաեւ մաքսային, սահմանային ծառայությունները՝ նրանց հրահանգված էր չմիջամտել, չխոչընդոտել դրանց ընթացքին։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ երբեմն նման բացահայտումներ են արվում, առգրավվում է վտանգավոր բեռը, անգամ մամուլի հաղորդագրություններ են տարածվում։ Նախկին իրավապահը կարծում է, որ դրանք չնախատեսված՝ ֆորսմաժորային դեպքեր են, երբ ինչ որ տեղ, ինչ որ բան սխեմայում խախտվել է, չնախատեսված, համապատասխան կարգավորումներ չանցած, անհրաժեշտ «մուծումներ» չկատարած բեռ է մտել երկիր։