Օրը դարձնել 30 ժամ. աշակերտները գերծանրաբեռնված են

Օրը դարձնել 30 ժամ. աշակերտները գերծանրաբեռնված են
Ռիչարդ Սարգսյանը 5-րդ դասարանցի է: Դպրոցին զուգահեռ՝ հաճախում է նաեւ երաժշտական դպրոց: Դասերը հասցնում է, գերազանց է սովորում, սակայն խաղալ, ընկերների հետ բակ իջնել չի հասցնում, դասերը շատ են: Խաղերը թողել է ամառային արձակուրդներին: Անցնում է մի քանի պատմողական առարկա՝ հայրենագիտություն, հայ եկեղեցու պատմություն, բնագիտություն: Հետաքրքիր է՝ կարծում է, որ մաթեմատիկան էլ կարելի է որոշ չափով պատմողական համարել, չէ՞ որ մեկ-մեկ այդ առարկայից էլ են դաս պատմում:



**Ինչո՞ւ պետք է փոքրիկներին այդքան ճնշել**



Անժելա Վաղարշյանը (անունը փոխված է) երկար տարիներ մանկավարժ է՝ հայոց լեզվի եւ գրականության մասնագետ: Մտահոգված է՝ մեզ մոտ դպրոցներում երեխաներին շատ են ծանրաբեռնում: «Հայոց լեզվի ծրագիրն այնքան մանրամասն է ներկայացված դասագրքերում, ծրագիրն այնքան ծանրաբեռնված է, ինչը երեխային պետք չէ»,- ասում է ու հիշում. վերջերս իր դասղեկական 5-րդ դասարանում դասալսման էր աշխարհագրության դասաժամին․ զարմացած է, թե ինչ մանրամասներ են երեխաներից պահանջում՝ «դաժան» անուններով: Կարծում է, որ այդ ավելորդ ծանրաբեռնվածության մեջ երեխան չի տարբերում կարեւորը, ոչ կարեւորը: Նյութն այնքան շատ է, որ երեխան հաջորդ օրը մոռանում է: Կարեւորն անկարեւորի հետ հիշողությունից ջնջվում է: Ասում է՝ ավելի լավ է քիչ տալ, բայց՝ ամուր հիմքով: Համոզված է, որ գրքերը շատ ծավալուն են ու բարդ գրված՝ աշխարհագրություն, բնագիտություն, հայրենագիտություն: «Երեխան փորձում է սովորել, բայց տեսնում է, որ դժվար է, հիասթափվում է՝ մտածելով, որ, մեկ է, չի կարող յուրացնել: Այսօր աշակերտն այնքան ծանրաբեռնված է, որ ինքնուրույն չի կարողանում սովորել: Հիմնականում հաջողություն են ունենում այն աշակերտները, ովքեր ծնողների հետ են սովորում»,- նշում է տիկին Անժելան՝ նկատելով, որ դա հենց վկայում է ծրագրերի սխալ կազմված լինելու մասին. չէ՞ որ երեխան ուսուցչի բացատրելուց հետո պիտի կարողանա ինքնուրույն սովորել դասը: Սակայն, օրինակ, իր դասարանի միայն 10%-ն է կարողանում ինքնուրույն սովորել դասերը: Դժգոհ է, որ դասագրքի լեզուն լավը չէ, պահանջներն ու մանրամասները շատ են: Եվ նման բարդ ծրագրով պարապում են 35-37 հոգանոց դասարաններում: Ասում է՝ ուսուցիչը չի կարող լեզու սովորեցնել նման մեծ դասարաններում:



«Ինչը չենք հասցնում, մնում է որպես տնային աշխատանք: Պատկերացրե՛ք այդքան առարկա ու այդ ծավալի տնային աշխատանքներ,- անհանգստանում է մանկավարժը՝ հիշելով,-իմ 5-րդ դասարանցի գերազանց սովորող աշակերտուհին մինչեւ կեսգիշեր դաս է սովորում»: Նկատում է՝ 2-րդ դասարանցին այսօր մայրենիից բառագիտություն է անցնում, որը 6-րդում նորից պետք է անցնի: Ինչո՞ւ պետք է փոքրիկներին այդքան ճնշել: Կարծում է, որ տարիքային առանձնահատկությունները ճիշտ հաշվարկված չեն: Այդ է պատճառը, որ երեխան տանը ժամերով դաս է սովորում:



**Ակադեմիական էգոիզմ**



Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ներկայացնում է, թե ինչպես են կազմվում ուսումնական ծրագրերը, ծանրաբեռնվածությունն ու դասագրքերը: Կա հենքային ուսումնական պլան, որը սահմանում է, թե որ աստիճանում ինչ առարկաներ են, ինչ ժամաքանակներ, որոնց հիման վրա կազմվում են առարկայի չափորոշիչները, դրանց հիման վրա էլ գրվում են դասագրքերը: «Մենք շատ հաճախ յուրաքանչյուր առարկայի չափորոշիչ գրելիս ակադեմիական էգոիզմ ենք դրսեւորում՝ փորձելով երեխաներին հնարավորինս շատ բաների մասին տեղեկացնել»,- նկատում է փորձագետը, հետո պարզաբանում՝ դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, շատ կարեւոր բաներ կան յուրաքանչյուր առարկայի մեջ, սակայն եթե հարցին նայում ենք երեխայի տեսանկյունից, ապա նրա համար այդ խնդիրը շատ բարդ է: Նկատում է՝ երեխան մի քանի առարկա է անցնում, եւ նրա համար շատ բարդ է լինում սովորելը, բայց չէ՞ որ երեխան այդքան առարկաների գծով մասնագետ չի դառնալու: Խաչատրյանն այստեղ անհամաչափություն է նկատում. գրողները գրում են այնպես, որ կարծես բոլոր աշակերտները հենց այդ գծով են մասնագիտանալու, եւ նրանց ամեն դետալ պետք է, իսկ աշակերտներն էլ սովորում են այնքանով, որքանով իրենց է պետք եւ հետաքրքիր: Ասում է՝ ինչքան շատ սովորեցնում ենք, այնքան քիչ ժամանակ է մնում սովորելու համար: «Եթե 17 առարկա դուք ծանրաբեռնված սովորեցնում եք, ես չեմ կարող 24 ժամը դարձնել 30 ժամ, որպեսզի հասցնեմ ձեր տվածները սովորել»,- մտահոգվում է փորձագետը՝ կարեւորելով քննարկումների անհրաժեշտությունը, թե ինչ է պետք, որ այսօր դպրոցն ավարտող երեխան պարտադիր իմանա: Վստահ է՝ դպրոցում ինչ-որ բան սովորեցնելը պետք է ունենա հանրակրթական նշանակություն, ոչ թե մասնագիտական: Ասում է՝ մասնագիտացումը բուհի կամ քոլեջի խնդիրն է, ոչ թե դպրոցի:



Արդյունքում՝ ունենք հետեւյալ իրավիճակը. աշակերտների մի փոքր մասը սովորում է, մեծ մասը չի էլ յուրացնում դպրոցական ծրագիրը: Մեջբերում է՝ միջազգային հետազոտություններ կան, ըստ որոնց՝ հայ դպրոցականների մոտավորապես 30-40%-ն անբավարար է ստանում:



**Աշակերտն ինքն է որոշում**



«Այբ» ավագ դպրոցում դասավանդվում է 34 առարկա, դրանց մի մասը պարտադիր է, մյուսը՝ ընտրովի: Բացի այդ` աշակերտն ինքն է որոշում, թե որ առարկան սովորի խորացված:



«Մեզ մոտ դասավանդում են Արարատյան բակալավրիատ (ԱԲ) կրթական ծրագրով»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի հաղորդակցության մասնագետ Լուսինե Պառավյանը: Պատմում է՝ ԱԲ-ն ունի 4 բաղադրիչ: Առաջինը համակողմանի կրթությունն է, չէ՞ որ բոլոր առարկաները կարեւոր են՝ բնագիտական առարկաներից մինչեւ ֆիզիկական պատրաստություն: Երկրորդը խորացված ուսուցումն է, որը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրելու, թե որ առարկաներն անցնի խորացված մակարդակով: Ասում է՝ առարկաների ընտրության հնարավորությունը թույլ է տալիս ավագ դպրոցի յուրաքանչյուր աշակերտի՝ ունենալու անհատական դասացուցակ: Աշակերտն ինքն է սահմանում իր ծանրաբեռնվածությունը՝ ըստ իր նախասիրությունների: Օրինակ՝ 10-րդ դասարանում պարտադիր է 14 առարկա, մյուս առարկաներից՝ մոտ 20 առարկա, աշակերտն ինքն է ընտրում որը սովորել: «ԱԲ-ի երրորդ բաղադրիչը նախագծային ուսումնառությունն է, ինչը հիմնված է «սովորել՝ անելով» սկզբունքի վրա: Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Մեզ մոտ կարեւորվում է ոչ միայն գիտելիքը, այլեւ հմտությունների ձեռքբերումը»,- նշում է Լուսինեն՝ հավելելով, որ երեխաները կարող են ներգրավվել տարբեր ակումբներում՝ արվեստից մինչեւ բնագիտություն, որտեղ հնարավորություն են ունենում մշակելու նախագծեր՝ այսպիսով կիրառելով իրենց գիտելիքները գործնականում: Լուսինեն պատմում է՝ ԱԲ-ի չորրորդ բաղադրիչն են արժեքները եւ դաստիարակությունը, կրթությունը՝ հիմնված արժեքների վրա: «Բացի գիտելիք հաղորդելուց՝ մենք պետք է անձ կերտենք ու դաստիարակենք,- ասում է Լուսինեն, հետո հավելում։- Կարեւորը մարդկային շփումն է, արժեհամակարգը»:



**Նորարար մտածողություն**



Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դեմ է հին կրթական համակարգին, որը հիմնվում է գիտելիքների պաշարի կուտակման վրա: Վստահ է՝ մեր դարաշրջանը պահանջում է նորարար մտածողություն: Թե՛ մաթեմատիկան, թե՛ տեխնոլոգիան, թե՛ մյուս բոլոր առարկաները պետք է փոխեն իրենց մոտեցումները: Օրինակ է բերում՝ Օքսֆորդում պատմության դասին քննարկում են, թե ինչու Հ. Կեսարը կայացրեց այս կամ այն որոշումը, կամ ինչպես եղավ, որ Վարդան Մամիկոնյանը դարձավ առաջնորդ, ինչպես կարողացավ կազմակերպել ռազմական գործողությունները: Կարծում է՝ պատմությունը որոշումներ կայացնելու արվեստն է, այլ ոչ թե փաստերի կուտակումը: Առաջարկում է հանրակրթական դպրոցներում դասաժամերը կրճատել, դարձնել 30 րոպե, հետո երեխային տալ գրադարանում աշխատելու ժամեր: Իսկ տնային աշխատանքը հիմարություն է համարում՝ հին սովետական, կրթական համակարգից ժառանգված: Ասում է՝ երեխան պիտի գրադարանում աշխատել սովորի: Ուսուցիչը պետք է ուղեցույց լինի աշակերտի համար, նա պիտի ասի, թե թեման բացահայտելու համար ինչ է անհրաժեշտ, ինչ մեթոդներով դա պետք է ուսումնասիրել, իսկ աշակերտն ինքը ուսումնասիրի թեման:



**Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ**