Երեվանի պլաստիկ վիրահատության դառը պտուղները

Երեվանի պլաստիկ վիրահատության դառը պտուղները
Այսօր ոչ ոք ո՛չ զարմանում, ո՛չ զայրանում, ո՛չ որեւէ կերպ իր վերաբերմունքն է արտահայտում, երբ լսում է, տեսնում է, որ ծանոթ, շատ ծանոթ կամ անծանոթ մարդիկ պլաստիկ վիրահատության են ենթարկում իրենց դեմքը՝ հավանաբար ավելի հմայիչ ու գեղեցիկ լինելու համար: Բայց զարմանում, զայրանում ես, չես կարող քո վերաբերմունքը չարտահայտել, երբ «բուժման» այս տեսակը, որպես բիզնես, բռնի կերպով տեղափոխվում է քաղաքաշինության ոլորտ:



Դեմքի պլաստիկ վիրահատման կամ «բուժման» համբավը դուրս է եկել Հայաստանի սահմաններից եւ աչքի է ընկնում լուրջ փողաբերությամբ: Երեւանյան «գեղեցկության սրահներից» օգտվում են Վրաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ: Քիչ չեն սփյուռքահայերը: Նրանց համար այս «ակցիան» հայրենասիրության դրսեւորումներից է: Իշխանությունները տեղի-անտեղի ստուգումներով չեն խոչընդոտում: Բիզնեսի այս տեսակը բերում է զբոսաշրջության աշխուժացման, հյուրանոցային տնտեսության ընդլայնման...



Բայց... 1998-ից ի վեր կոսմետիկ վիրահատական գործողություններ սկսեցին իրագործվել նաեւ քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում: Վիրահատվում է մայրաքաղաքի դեմքը՝ Երեւանի կենտրոնը: Ամբողջապես անհետանում կա՛մ տեղափոխվում, կա՛մ խեղաթյուրվում են Երեւանի պատմական դիմագծի ինքնատիպությունը կրող սակավաթիվ շենքեր, փողոցներ, հրապարակներ: Խեղաթյուրման ընթացքի մեջ է Հանրապետության հրապարակը, հերթը Շահումյան հրապարակինն է:



Անցած 20 տարիների ընթացքում ռեժիմի դրսեւորումների՝ Երեւանի ճարտարապետական նկարագրի կոսմետիկ վիրահատությունների թեմայով մասնագիտական վերլուծություններն ու քննադատությունները պարզապես դատարկաբանություններ էին, որովհետեւ բացակայում էր գլխավորը՝ քաղաքական գնահատականը: Իսկ յուրաքանչյուր հարց, ինչպես քսան տարիների ընթացքում, այս պահին եւս հանգում է քաղաքականին: Դա էլ հասարակության բեւեռացման հետեւանքներից է, որի արդյունքում էլ ձեւավորվեց մի չգրված էլիտար ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգ: Այդ հայեցակարգում իսպառ բացակայում է սոցիալականը՝ սոցիալական բնակարանաշինությունը: Նայեք ձեր շուրջը. Համատարած մի քանի անգամ վերավաճառված, դատարկ բնակարաններով բարձրահարկ, շքեղ հսկաներ ու ցածրահարկ ճոխ դղյակներ են, որոնք հեռու են սոցիալական կոչվելուց: Չկա սոցիալականը, որովհետեւ այս ոլորտում չկան ներդրողներ: Միակ ներդրողը «փողի վրա նստած» քաղաքապետարանն է, որն էլ հատուկենտ բարեհաջող տներ է կառուցել ու հատուկենտ վթարային շենքեր ամրակապել: Եղածն էլ տոկոս չի կազմում, բայց քաղաքաշինական ժամանակակից կոսմետիկայի ժանրից է: Հայաստանի Սահմանադրությունում նշված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, սակայն նորագույն ճարտարապետաքաղաքաշինական ոլորտն իր դրսեւորումներով լիովին հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Բացատրությունը պարզ է:



Մի խումբ մարդիկ 20 տարիների ընթացքում իրենց հարստությամբ այնքան «բարձրացան», որ, գրավելով պատասխանատու պաշտոններ, ստանձնեցին երկրում կարեւոր որոշումներ կայացնողների դերակատարում եւ դա անում են՝ բացահայտ շրջանցելով օրենքները: Ասել է թե՝ բիզնեսի օլիգարխիկ վերնախավը սերտաճել, նույնացվել է իշխող քաղաքական ուժի, նույնն է թե՝ իշխանական վերնախավի հետ: Արդյունքում ունենք հզոր կեղեքիչ պետական համաձուլվածք-համակարգ, որի հզոր լծակներից մեկն էլ քաղաքաշինության եւ ճարտարապետության համապարփակ ոլորտն է՝ նորագույն ՀՀ Սահմանադրությանը հակասող, ոչ սոցիալական հայեցակարգով:



Անցնենք Շահումյան հրապարակին: Խորհրդային տարիներին պայթեցվեց հրապարակի ռուսական եկեղեցին: Ընդլայնվեց հրապարակը, կառուցվեցին «Սեւան» հյուրանոցը, Շահումյանի արձանի համալիրը: Հրապարակում պահպանվեցին 160 տարի առաջ կառուցված եռահարկ, սեւ տուֆե, դասական ոճի եւ լավ վիճակում գտնվող՝ ցարական Ռուսաստանի թիվ մեկ ապահովագրական ընկերության շենքն Անդրկովկասում, որում խորհրդային տարիներին գործում էր Երեւանի Սպանդարյան շրջկոմ-շրջսովետը եւ արդեն եռահարկ դարձած Կովկասյան բանկի շենքը: Արդարադատության նախարարության այրված մասում վեր խոյացած, մի քանի նախարարություններ ընդգրկող կառավարության նոր սպիտակ մասնաշենքի եւ դիմացի սպիտակ նորակառույցի միջեւ թոշնել է Շահումյանի արձան-համալիրը: Հավանաբար վերացնելու, լավագույն դեպքում տեղափոխելու ժամանակը հասունացել է: Ցավալին Մերկուրովի ստեղծած Շահումյանի արձանի, նրա համալիրի եւ ժամանակի ճանաչված ճարտարապետների ստեղծած հրապարակի համայնապատկերի, աուրայի աղավաղումն է: Հավանաբար, հին հրապարակը հիշեցնող առարկայական վկան կմնա դիմացի ծառի տակ կժով ջուր ծախող տղայի գողտրիկ արձանը, եթե խնայեն եւ քաղաքական ինչ-ինչ խնդիրներով տեղում չվերականգնեն ռուսական եկեղեցին:



Ասում են, թե Սպանդարյան շրջկոմ-շրջսովետի շենքի լավ պահպանված ճակատային, համարակալված քարերով են կառուցել Հանրապետական կուսակցության կենտրոնի շարունակությունն ու լրացուցիչ հարկը: Ինչեւէ, պատմական շենքը չկա, եթե շատ եք ցանկանում հուշն առնել՝ փնտրեք Մելիք-Ադամյան փողոցում:



Իսկ թե ինչ է կառուցվելու «Սեւան» հյուրանոցի վերացած, ազատ մնացած անկյունում, սա արդեն պետական բիզնեսի, չգրված էլիտար հայեցակարգի հիման վրա կորպորատիվ, կոմերցիոն գաղտնիք է: Կառուցվելիք շենքը կլինի հերթական էլիտարը, եւ դրա համար առանց ջանքերի մեծահարուստ պատվիրատու կհայտնվի:



1998-ից ի վեր ռեժիմի վարքուբարքից ծնված ճարտարապետաքաղաքաշինական չգրված հայեցակարգով մշակված ավանդույթ կա: Նոր կառույցը (հաջողակ, թե անհաջողակ՝ էական չէ) տեղադրել հնի՝ արժեքավորի տեղում: Այդ նորի գինը հնի՝ վերացված արժեքավորի գինն է:



Հավանաբար, ռեժիմի հույսն իր հավերժությունն է եւ նոր սերունդը, որը հինը չի տեսել, նորն էլ ընկալում է որպես սկզբնաղբյուր: Այդպես նա իրեն երջանիկ կզգա «հին» Երեւանով:



**ՀԳ**. Քաղաքաշինական անոմալիաներով Երեւանը փչացնող կոչումնավոր գծագրող-տեխնիկի կարգավիճակում հայտնված ճարտարապետները չեն ցանկանում խոստովանել իրենց մեղքի բաժինը: Մեղադրում են քաղաքապետարանին, որովհետեւ, ինչպես իրենք են ասում, նրա դեմ խաղ չկա: Հատկապես ում դեմ եւ ինչու խաղ չկա՝ նրանք չեն խորանում: Իսկ խորանալն ու հարցը սրությամբ բարձրացնելն անպայմանորեն քաղաքական ենթատեքստ կունենան։ Իսկ քաղաքական ենթատեքստը փողաբեր չէ, այլ կործանարար է:



**Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ**



_ճարտարագետներ_