Կաշառք տվողը կա, վերցնողը՝ չկա

Կաշառք տվողը կա, վերցնողը՝ չկա
Այս տարի սեպտեմբերի 1-ին ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Մամիկոնյանը կաշառք է տվել ՔԿՀ պաշտոնատար անձին՝ Կարեն Պետրոսյանին։ Դեպքով հարուցվել էր քրեական գործ, որը քննվում է Արմավիրի դատարանում։ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր` Վարդան Մամիկոնյանի միջոցով կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին:



Այսինքն՝ կատարել է հանցավոր արարք՝ Քրօր․ 312 հոդվածի 1-ին մասով: Մամիկոնյանի փաստաբան **Արա Ղարագյոզյանը** նշում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է․ «Պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, իսկ իմ պաշտպանյալի գործն ուղարկվել է դատարան՝ կաշառք տալու մեղադրանքով։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ իմ պաշտպանյալը կաշառք չի տվել, այլ բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկում կոռուպցիայի վերաբերյալ, մասնավորապես, որ գաղութի աշխատողները հեռախոս են վաճառում։



Մենք չենք տեսնում արդյունավետ քննություն, որ կաշառք վերցնողին հայտնաբերեն, միայն իմ պաշտպանյալի նկատմամբ է հետապնդումը։ Դրանից բացի՝ մի գործ էլ են հարուցել՝ իբր դատապարտյալները ցուցմունք են տվել, թե իմ պաշտպանյալը թմրանյութ է փոխանցել իրենց։ Սա հետեւանք է այն մյուս քրեական գործի, որ իմ պաշտպանյալը բարձրաձայնել է կոռուպցիայի մասին»։ ՀՔԾ պատճառաբանությունը գործի մասն անջատելու այն է, որ իբրեւ թե Կ․ Պետրոսյանը Հայաստանում չի գտնվում։ Թեեւ նրան ներգրավել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։