Ափսոս էր աղջիկը․․․

Ափսոս էր աղջիկը․․․
 Սովորաբար խորհրդական նշանակում են թոշակառուի կյանքով ապրող մարդկանց։ Բացառություններ եթե կան, թող ասեն` տեղերն իմանանք։



Վերջերս առաջընթաց ունեցող մի երիտասարդ պատմում էր, որ իրենց ղեկավարն իրեն ասել է՝ չէ, չեմ ուզում քեզ խորհրդական նշանակել, կլճանաս, դու դեռ առաջ գնալու տեղ ունես․․․ «Շեֆս ասում էր՝ դու գիտես թե ես տարիներով խորհրդականներիս տեսնու՞մ եմ․․․»



 Խորհուրդ չէի տա ծանոթանալ, թե ովքեր են ընդհանրապես խորհրդական աշխատում, շատ կհիասթափվեք։ Չբացեմ փակագծերը, որովհետև այլ բան եմ ուզում ասել։



 Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին՝ Լևոն Արոնյանի կինը,  վարչապետի խորհրդական նշանակվեց։ Արձագանքները գիտեք։ Լուռ հետևում էի ու ցավ զգում․ ախր որ իմանաք ինչ կարգի մարդիկ են խորհրդական աշխատում։ Ի՜նչ կարգի․․․ այնքան պաշտոնյաների պոչեր կգտնեք այնտեղ․․․ Գնում ու հավիտենական անշարժության «քնի մեջ են մտնում»։



 Այնքա՜ն նման «քնածները կան», որոնց տեղն անգամ իրենց շեֆերը չեն իմանում, գիտեն միայն, որ նա այսինչի այսինչն է։ Ոչ մեկն էլ չգիտի, «դամբարանային լռության պեղումներ պիտի կատարվեն», որ իմանաք, այսինչի այսինչը երբվանից է այդտեղ ննջում։ 



Արիաննան դեռ շատ երիտասարդ էր՝ խորհրդական նշանակվելու համար։ Նա կյանքով լի, պրպտումներով աղջիկ է։ Ինչու՞ որոշեց գնալ ու խառնվել «հազար տարվա խորհրդականներին»։ Չնայած ֆեյսբուքում չարացած էին, բայց ես ափսոսացի աղջկան։ Խորհրդական՝ հասարակական հիմունքներով։



․․․Ինչպես Վանոն կասեր՝ ափսոս էր երեխան։



Երբ կարդում եմ նրա գրառումը, ավելի եմ ափսոսում, որ նա խորհրդականների ինստիտուին լավ չի տիրապետում․



«Շատ ուրախ եմ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու հնարավորության համար»։



Արցախցին կասեր՝ ջա՜ն, բալա ջան․․․ Գնացիր  ու խառնվեցիր խորհրդականների լճացած ու հոտած գետին․․․



 Ափսոս էր աղջիկը։



 Հասմիկ Բաբաջանյան