Մեկ հաստիք՝ մեկ ընտանիք. Խաչիկը՝ համայնքների խոշորացման բեռի տակ

Մեկ հաստիք՝ մեկ ընտանիք. Խաչիկը՝ համայնքների խոշորացման բեռի տակ

Նախիջևանի սահմանից ոչ շատ հեռու գյուղը՝ Խաչիկը, կարծես մի փոքրիկ օազիս լինի սարերի և լեռների մեջ։ Արենի գյուղից դեպի Խաչիկ մի ողջ հավերժություն ոլորանների ճանապարհ է ընկած, բայց արտաքին աշխարհի հետ կապը սահմանափակվում է անձնական մեքենաներով՝ Խաչիկ համայնքը երթուղային չունի, թեպետ համայնքի ներկայիս ղեկավար Վարդան Պետրոսյանը գյուղի խնդիրներից «չարյաց փոքրագույնն» է համարում դա։



-Պարոն Պետրոսյան, այսքան հեռավոր գյուղը տրանսպորտ չունի, մի՞թե այդ խնդիրը երբևէ չի բարձրացվել, մարդիկ ինչպե՞ս են գործերով դուրս գալիս գյուղից։



-Գյուղն ունեցել է տրանսպորտ մինչև վերջին երկու տարին, նաև դեպի Երևան և դեպի մարզկենտրոն, շաբաթական երեք անգամ։ Հիմա գիտեք, ուղևորների պակասության պատճառով չկա, ուղևորներն են խիստ պակասել։ Մենք փորձել ենք տարբեր ձևերով խնդիրը լուծել նաև փորձեցինք փոքր, թեթև մարդատար ավտոմեքենայով այդ խնդիրը լուծել, բայց նորից եմ կրկնում, ուղևորների պակասության պատճառով խնդիրը մնացել է բաց: Բայց մի դրական տեղաշարժ կա, որ համայնքում բնակիչներն իրենց անձնական մեքենաներն ունեն։



-Իսկ չկա՞ն ընտանքիներ, որոնք չունեն մեքենա։



-Կան, որ չունեն և պահ է գալիս նեղվում են, բայց կուզեի ասել, որ սա այն ցավոտ, գլոբալ և առաջնային խնդիրը չէ, որ պետք է լուծվի։ Գյուղում կան մարդիկ, որոնք պատրաստ են սպասարկել և տեղափոխել մարդկանց, իրար օգնում են։



-Շուտով Խաչիկն էլ կառավարության ծրագրով կխոշորանա, եթե չեմ սխալվում Արենի համայնքին եք միանալու, ինչպե՞ս եք գնահատում գալիք փոփոխությունը։



-Հիմա միանշանակ չեմ կարող ասել, թե համայնքի վիճակն ինչպես կլինի, կարող է և՛ դրական, բայց մենք դա չենք տեսնում, որովհետև եթե այսօր համայնքի ղեկավար չունենալով, լիազոր ներկայացուցիչն այդ իրավունքները չունենալով, կարող է նմանատիպ հեռավոր համայնքներում խնդիրներ լուծել, դա մեզ զարմացնում է։ Թող աստված տա լավ լինի, բայց մենք բացասական ենք գնահատում, և այդ հարցը ես նաև ներկայացրել եմ կառավարությանը։



-Իսկ գյուղապետարանում կրճատումներ կլինե՞ն։



-Միանաշանակ այդ խնդիրը կա, և նաև ասեմ, որ կախված է լինելու համայնքի ղեկավարի հայեցողությունից, թե քանի հաստիք կարող ենք պահել այստեղ, բայց մի բան ասեմ, դրա վտանգավորության աստիճանը նա է, որ աշխատատեղ կրճատելով... պատկերացրեք մի ընտանիք մտորումների մեջ է, որովհետև նվազագույն և կես դրույք աշխատավարձով ես մի ընտանիքի խնդիր եմ լուծել Խաչիկում բնակվելու համար, իսկ վաղը մյուս օրը նույն անձն այս աշխատանքից ազատվելով արդեն մտածելու է «արտագաղթելու» Խաչիկից։