Հերթական «թույն պայմանագիրը». ԱԺ-ում անհանգիստ են

Հերթական «թույն պայմանագիրը». ԱԺ-ում անհանգիստ են

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման օրենքի քննարկումն Ազգային ժողովում անցավ թեժ մթնոլորտում: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը համաձայնագրում Հայաստանի ինքնիշխանությունը խարխլող դրույթներ է տեսնում: Ըստ համաձայնագրի, միացյալ զորախմբի խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու դրա հետ մղումը, մասնավորապես՝ երկու երկրների պետական սահմանի ցամաքային մասի պաշտպանությունը, այդ թվում` ՀԱՊԿ ուժերի և միջոցների հետ համատեղ, օդատիեզերական տարածությունում Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանի ծածկապաշտպանությունը, հակաօդային պաշտպանությունը, երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությամբ հակառակորդի ներխուժած զորքերի խմբավորումների ջախջախումը եւ այլն: Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ՝ ստեղծվող իրավիճակից կախված` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին՝ երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ: «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Ես այստեղ տեսնում եմ ծուղակ, եթե մեր կողմը չգիտի դեռ թե որ կողմի վրա պետք է կրակի այս հրացանը, գուցե մյուս կողմն ունի այդ պլանը»:



Արամ Սարգսյանի համար էլ անհասկանալի էր համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը. «Մեր արտգործնախարարության քվեարկությունները բոլոր ամբիոններում ուղղակի ՌԴ-ի քվեարկության կրկնություններն են, մեր էներգետիկ համակարգն ամբողջությամբ ՌԴ-ի տրամադրության տակ է, մեր տնտեսական համակարգը «Գույք պարտքի դիմաց»-ով վաղուց տրված, անցած է, ռազմական համակարգում համաձայնություն ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, օդն ենք տրամադրել, կապն ենք տրամադրել, Ադրբեջանն էլ ՀԱՊԿ-ի հետ պայմանագիր չունի, հիմա չեմ հասկանում, սրա անհրաժեշտությունը ո՞րն է: Ինձ համար, որպես մարդու, քաղաքացու, այս պայմանագիրն անգամ վիրավորական է: Լավ ո՞նց կարելի է այսքան սեփական ուժերին չվստահել, ո՞նց: Վերջիվերջո երրորդ կողմ, բացի մեզանից, չկա, որ այս պայմանագիրը ՌԴ-ի հետ ստորագրի, որովհետեւ նույն ղազախները, ղրղըզները, Բելառուսը, որ նույն լեզուն ունի, իրենց ինքնիշխանությունն ավելի բարձր են դասում: Համարում են, որ իրենց չփորձված բանակները այս գործընթացը կարող են տանել»: Արամ Սարգսյանը տպավորություն ունի, որ կարող է ինչ-որ մի գաղտնի փաստաթուղթ էլ կա, որի համաձայն, համապատասխան իրավիճակում ՀՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը դառնա ՌԴ նախագահ Պուտինը. «Չեչնիան շատ ավելի լայն ազատություններ ունի, քան մենք, հերիք եղավ, հաջորդ օրենքն էլ ի՞նչ է լինելու: Է գնանք մտնենք ՌԴ-ի կազմ, վերջ: Բա դրոշը, զինանշանը, օրհներգն ինչների՞ս է պետք, ինչքա՞ն կարելի է»:



Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը պարբերաբար ռմբակոծվում էին, ՀԱՊԿ-ը ընդհանրապես չէր արձագանքում. «Եթե էս համակարգը լիներ 15-16 թվականների ժամանակ, ի՞նչ ռեակցիա էր տալու, և որտե՞ղ է այն երաշխիքը, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է»: Պատգամավորի խոսքով՝ եթե այդ դաշինքը քաղաքական առումով լռություն է պահպանում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ ռազմական միջամտության կարիքի դեպքում դա տեղի կունենա: «Հայաստանի իշխանությունը այս նախագծով արձանագրում է, որ տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը, տանուլ է տվել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ անմիջական աջակցությամբ ու միջամտությամբ», - հայտարարեց Փաշինյանը։



Ամեն անգամ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և որպես դրա պատասխան, Հայաստանը ամեն անգամ «թույն պայմանագիր» է կնքում Ռուսաստանի հետ։ «Շատ ուրախացաք չէ՞ «Իսկանդերների» վրա, բայց Ռուսաստանը արդեն Թուրքիային վաճառում է s-400 համակարգեր, որով ձեր Իսկանդերները կդառնան սովորական մի խաղալիք։ Էս ա ձեր ռազմական քաղաքականության արդյունքը»: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է Սևրի դաշնագիր տեսած ժողովուրդը նման համաձայնագրերի վրա հույս դնի։ Փաշինյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենամարտունակ բանակը Սերժ Սարգսյանը փոխարինել է տարածաշրջանի ամենամեծ թղթապանակով: Հսկայական պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի հետ, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնում են, որոնք ամենավճռական պահին Վանի նահանջի նման հայտնվելու են աղբանոցում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց՝ համաձայնագիրը՝ վերաբերո՞ւմ է Արցախին: Հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այս համաձայնագիրը միացյալ գործողություններ է ենթադրում ՀՀ տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի և ՌԴ տարածքի նկատմամբ անմիջական սպառնալիքի ու ագրեսիայի դեպքում: «Տվյալ պարագայում համաձայնագիրը վերաբերում է միայն ՀՀ տարածքին ագրեսիային կամ անմիջական սպառնալիքին»,- ասաց նա:



Հատկանշական է, որ այս բուռն քննարկումներին անխռով հետեւում էին Ծառուկյան դաշինքի պատգամավորները, միայն Միքայել Մելքումյանը ֆուտբոլային լեզվով ասած «հեղինակության» ելույթ ունեցավ, սակայն նա չմիացավ «Ելք»-ի կոշտ քննադատություններին եւ գոլ ելույթ ունեցավ՝ ընդունելով, որ համաձայնագրում ռիսկեր կան:Համաձայնագիրը կքվեարկվի վաղը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ