Եթե Սուրիկ Խաչատրյանն ինձ աջակցի, շնորհակալ կլինեմ

Եթե Սուրիկ Խաչատրյանն ինձ աջակցի, շնորհակալ կլինեմ

Նոյեմբերի 5-ին սպասվող ընտրությունները Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում խոստանում են հետաքրքրական լինել։ Պայքարի կողմերում հայտնի գերդաստաններ են։ ՀՀԿ-ն առաջադրել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայրն է, ԲՀԿ-ն առաջադրել է ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսայի։ Ի դեպ, ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Սիրաս Ռաֆիկի Ստեփանյանը, որը, ըստ լուրերի, Սուրիկ Խաչատրյանի շրջապատից է։ Քաղաքապետը մարզպետ Վահե Հակոբյանի թիմից է, ունիկալ անձնավորություն, որը քաղաքում շրջում է շքախմբով, իսկ շքախմբի յուրաքանչյուր անդամ իր անելիքն ունի՝ մեկն ավտոմեքենայի դուռն է բացում քաղաքապետի առջեւ, երկրորդը՝ կոստյումը հագցնում, երրորդը՝ մեկ ուրիշ կարեւոր գործ անում։ Եվ չնայած մամուլի հրապարակումներին, որ Արթուր Սարգսյանի քաղաքապետ դառնալուց սկսած Սիսիանում անհանգիստ մթնոլորտ է, քաղաքապետի քրոջ անհանգիստ տղայի արկածները պատուհաս են դարձել քաղաքացիների համար, քանի որ փոխոստիկանապետը Սարգսյանի աներձագն է, իրավիճակը քաղաքապետի հսկողության տակ է, այդուհանդերձ, Սիսիանի քաղաքապետն աներեւակայելի «սեր» է վայելում իր ղեկավարած համայնքում։ Նրան այնքան են սիրում, որ ծննդյան օրը քաղաքապետարանի ողջ անձնակազմը «շեֆի» նկարով շապիկներ է հագնում, դպրոցականներին են հագցում ու յուրահատուկ ֆլեշմոբ կազմակերպում իրենց քաղաքապետարանի շենքում։ 



Ռինգի մյուս անկյունում նախկին քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ երիտասարդ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը, որի հորը՝ Հովհաննես Համբարձումյանին, Սիսիանում որպես անգերազանցելի ընտրակեղծարար են ճանաչում։ Սակայն թեկնածուին՝ Կարեն Համբարձումյանին, հատկապես երիտասարդները լավ են վերաբերվում։ Նա ներկայումս աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ Իրան-Հայաստան 400 կվ երրորդ օդային գծի ծրագրերի իրականացման չորրորդ բաժնի պետն է, ՀԷԿ-ի սեփականատեր։
Նա վստահ է, որ ընտրապայքարն ու ընտրություններն ընթանալու են առանց «արտակարգ եւ արտառոց միջադեպերի», քաղաքակիրթ մթնոլորտում։ Մեր հարցին ի պատասխան էլ ասաց, որ աներոջ՝ նախկին քաղաքապետ լինելու գործոնն ընտրապայքարում միայն դրական ազդեցություն կունենա, որովհետեւ իր պաշտոնավարման ընթացքում «շատ բան» է արել․ «Ես իրեն որպես 8 տարվա քաղաքապետ կարող եմ գնահատել, ու ինքն աշխատող քաղաքապետ էր»։ Աներոջ գովքն անելիս երիտասարդ թեկնածուն նաեւ ապահովագրեց նրան հնարավոր հարձակումներից․ «Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ով էլ դառնա քաղաքապետ, արդեն մեկ ժամ հետո 10-ից 2-ը դժգոհելու են, դա անշնորհակալ աշխատանք է, չուզողներ լինելու են»։ Երիտասարդ ԲՀԿ-ականն իր առաջադրման պատճառը պայմանավորեց ոչ թե այդ պաշտոնը «ժառանգաբար» փոխանցելու մոլուցքով, այլ բազում անելիքներով։ Թեկնածուն վկայակոչեց բազմաբնակարան շենքերի բակերի «անմխիթար» վիճակը։ Իսկ երբ հիշեցրինք, որ դա, փաստորեն, ժառանգվել է ԲՀԿ-ական Հակոբջանյանից, նա գտավ նաեւ այդ հարցի պատասխանը։ «Բյուջեն սուղ է եղել։ Եվ քանի որ նաեւ համայնքները խոշորացվում են, մենք կոնկրետ նպատակ ունենք նաեւ գյուղատնտեսության միջոցով ուժեղացնել համայնքը։ Ավելի լավ՝ մատչելի կլինի գյուղատնտեսության միջոցով զարկ տանք համայնքի բյուջեին։ Օրինակ, մենք ունենք 1000 հեկտար մշակովի վարելահող, որից 50 հա-ն է մշակվում (տեխնիկայի, կոմբայնի բացակայության պատճառով)։ Եթե տեխնիկան տանք կամ էդ հողերը վերցնենք, ավելի ճիշտ՝ իրենց հողի հարկերը տանք, մշակենք, շահույթ ստանանք, գյուղացուն էլ 5-10 տոկոսի մասնաբաժին տանք…»,- միամտորեն իրեն մատնեց քաղաքապետի թեկնածուն։ Ապա թերեւս գլխի ընկնելով, որ փոխանակ պայմանները բարելավեն, որպեսզի գյուղացին չհրաժարվի իր հողից, ուզում են հողը վերցնել գյուղացուց՝ ավելացրեց․ «Սրանք դեռ նախնական ծրագրեր են, պետք է քննարկենք, ամենաարդյունավետը գտնենք»։ Գործող քաղաքապետի աշխատանքներին Կարեն Համբարձումյանի գնահատականը խուսափողական էր․ «Շարունակական աշխատանք է, որը գործող քաղաքապետն անում է, այսինքն՝ եթե նրա փոխարեն լիներ Պողոսը, միեւնույն է՝ աղբահանությունը կկատարվեր»։ Իսկ ակնկալո՞ւմ է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը՝ հաշվի առնելով, որ նա չհայտարարված «պատերազմի» մեջ է գործող մարզպետի եւ նրա մարդկանց հետ։ ԲՀԿ-ական թեկնածուն ասաց․ «Եթե աջակցի, շնորհակալ կլինեմ, եթե իմ ծրագրերը դուր է գալիս մարդկանց, ես շնորհակալ կլինեմ»։ Ապա, տեւական դադար վերցնելով, պատասխանեց՝ շեշտելով, որ ինքն «անձնապես չի ճանաչում» «պարոն Խաչատրյանին»․ «Բացի դա, ինքը ՀՀԿ-ական է, եւ կոռեկտ չէ դիմել աջակցության հարցով»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ