Ազգային դիմադրության ճակատում հռչակագրի տեքստ են պատրաստում

Ազգային դիմադրության ճակատում հռչակագրի տեքստ են պատրաստում

 



Անազատության մեջ գտնվող Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պատգամը` ազգային դիմադրության ճակատ ստեղծելու մասին, կարծես միս ու արյուն է ստանում։ Նախաձեռնող խումբն աշխատում է հռչակագրի վրա, որտեղ կետ առ կետ կամրագրվեն երկրում առկա խնդիրներն ու կմատնանշվեն լուծման ճանապարհները։
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի վերջին Ժիրայր Սեֆիլյանը դիմեց հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբեությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։ Դիմումը հասցեագրված էր 31 անձի, չնայած, ըստ Սեֆիլյանի, ցուցակն սպառիչ չէ, կարող է համալրվել ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով։
Սեֆիլյանի կազմած ցանկը միարժեքորեն չընդունվեց ակտիվ հանրության կողմից, որոնց համար ոչ մի կերպ չէին խաչվում հասցեատերեր Նիկոլ Փաշինյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի եւ մյուսների ճանապարհները, ավելին՝ Սեֆիլյանի ձեռնարկը հասցրեց հերթական տարաձայնությունների առիթ դառնալ․ հրապարակավ միմյանց հետ բանավիճեցին Հմայակ Հովհաննիսյանն ու կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը՝ միմյանց գաղափարները չկիսելու համար։ Բայց ցուցակում էլի «անհամատեղելի» անձինք կան․ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը փորձեց շատերին «գծի մեջ» բերել՝ հայտարարելով․ «Վիճակն այսօր շատ ավելի լուրջ է, քան այս կամ այն մարդու անձնական կարծիքը։ Մենք պետք է հասկանանք, որ միավորվելն անհրաժեշտություն է։ Եթե այդ երեսուն հոգու մեջ գտնվեն տասնհինգ հոգի, որոնք իրենց ամբիցիաներից վեր կդասեն իրավիճակի մտահոգությունը, ապա ողջունելի է։ Ես ցուցակում նշված անձանցից ոմանց հետ շփվել եմ եւ համոզվել, որ նրանք իրենց անձնական ամբիցիաներն ավելի վեր են դասում, քան գաղափարը։ Ես Հայաստանում տեսնում եմ ինձ ցանկացած մեկի կողքին, նույնիսկ Աշոտ Մանուչարյանի կողքին եմ ինձ տեսնում։ Հիմա իրավիճակը շատ ծանր է, այդ մարդկանց հետ հույսեր են կապում»։



Սակայն ցուցակից մոտ 20 հոգի արդեն դրական է արձագանքել ազատազրկված Սեֆիլյանի կոչին, եւ տեղի է ունեցել ազգային դիմադրության ճակատ եւ ժողովրդական ընդվզում նախապատրաստելու արդեն երկու հավաք․ առաջինը՝ հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց։



Այս աշխատանքները համակարգելու գործը, Սեֆիլյանի առաջարկով, ստանձնել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ու դերասանուհի, Մհեր Մկրտչյանի նախկին կին, ակտիվ ընդդիմադիր Թամարա Հովհաննիսյանը։ Նախատեսվում է հավաքներն ավելի հաճախակի դարձնել՝ շաբաթական երկու օր։ Հաջորդ հավաքի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան, դեռեւս նախորդ հավաքի ժամանակ մասնակիցները քննարկել են հռչակագիր հրապարակելու հարցը։ Այժմ ակտիվորեն մասնակցում են այդ փաստաթղթի տեքստի հետ կապված աշխատանքներին, որը, մեծ հաշվով, այս ճակատի ապագա անելիքների ուղեցույցն է լինելու։ Թե ովքեր կստորագրեն այդ փաստաթղթի տակ, եւ, առհասարակ, քանի ստորագրություն կլինի, Թամարա Հովհաննիսյանը դժվարանում է պատասխանել։
Նա մեզ հետ զրույցում գործընթացն այս պահի համար «հում» գնահատեց․ «Դեռեւս քննարկումների փուլն է, մենք աշխատում ենք հռչակագրի վրա, քննարկում ենք բոլորի հետ, աշխատում, որ բոլորի առաջարկները հաշվի առնենք։ Երբ այդ ամենը որոշակի դառնա, եւ հռչակագիրը հրապարակվի, նոր կարող ենք ավելի որոշակի խոսել ապագա անելիքների եւ ծրագրերի մասին»։ Հովհաննիսյանի խոսքով՝ հռչակագրում նշված կլինի ինչպես իրավիճակի մարտահրավերների, այնպես էլ լուծումների մասին․ «Նշված է լինելու, օրինակ, թե ճակատն ինչ նպատակներ է ունենալու, ինչով է զբաղվելու, ինչ ծրագրեր եւ այլն»։



Այդուհանդերձ, Սեֆիլյանի ներկայացրած ցանկում քաղաքական գործիչներից Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը դեռեւս չեն արձագանքել կոչին, իսկ Զարուհի Փոստանջյանը մերժել է՝ ասելով, որ ցուցակում նշված մարդկանց չի վստահում։



Տիկին Հովհաննիսյանը հորդորում է այդ ամենին «հիվանդագին» չնայել։ «Գուցե կեսից գան միանան, գուցե լինեն մարդիկ, որ սկզբում մերժեն, հետո տեսնեն, որ գործընթացն առաջ է գնում, գան միանան։ Ժամանակ է հարկավոր, ամեն ինչ կեփվի, իր տեղը կընկնի»,- ասում է նա։ Ինքը գոհ է աշխատանքների ընթացքից․ «Շատ լավ մարդիկ, շատ մասնագետ, դատող մարդիկ են, հաճելի է նրանց հետ քննարկումներ անցկացնելը, նրանց կարծիքն ընդհանրապես որեւէ հարցի շուրջ լսելը»։



Հարցրինք՝ կա՞ն հույսեր, որ Սեֆիլյանի պատգամը՝ ազգային դիմադրության ճակատը, իրականություն կդառնա։ «Կապրենք՝ կտեսնենք»։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը եւս գոհ է ընթացքից, նա էլ առաջարկեց համբերատար սպասել՝ հրապարակվող փաստաթուղթը շուտով շատ հարցերի պատասխանը կտա։




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ