Ո՞րն է խնդիրը

Ո՞րն է խնդիրը

Նորմալ դեմոկրատական հասարակության մեջ բոլոր քաղաքական հոսանքներն ու դիրքորոշումներն էլ կյանքի իրավունք ունեն՝ սոցիալիստական ու անարխիստական, շովինիստական ու ազգայնական, եվրոպամետ ու ռուսամետ, «ծովից ծով» Հայաստանի եւ ռուսահպատակ գուբերնիայի։ Նաեւ պետք է մարդկային բոլոր տեսակների համար «արեւի տակ տեղ լինի»՝ անգամ ռասիստների ու արվամոլների, մարդասպանների ու կագեբեի գործակալների։ Ի վերջո, մարդկային բնույթը բազմազան է, եւ դեմոկրատիան նաեւ ներկապնակի բոլոր գույների առկայություն է ենթադրում, իսկ հումանիզմի կանոններն ասում են, որ անգամ բանտերում մարդն ապրելու, ստեղծագործելու, արտահայտվելու իրավունք ունի։ Եթե հանրությունը հանդուրժում է ընտրակեղծարարին ու կաշառակերին, ապա ինչո՞ւ չի կարող հանդուրժել գժին, հայհոյախոսին, սադրիչին ու բողոքավորին։ Ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ական մեծամասնությանը լինել հանդուրժող իրենց համար տհաճ ելույթների հանդեպ եւ թույլ տալ, որ, ասենք, Երեւանի ավագանիում հայտնված այդ երեք կինն արտահայտվեն որքան սիրտներն ուզում է՝ չարժանանալով Հանրապետական «բետեեռների» հակահարձակումներին։ Ի վերջո, Զարուհի Փոստանջյանի ելույթներով չէ, որ քաղաքացին կարծիք է կազմելու Տարոն Մարգարյանի, Կարեն Կարապետյանի կամ Սերժ Սարգսյանի մասին։ Նրանք այնքան երկար ու այնքան շատ են մեր աչքի առաջ եղել այս տարիներին, որ բոլորս ունենք մեր կայուն վերաբերմունքը նրանց հանդեպ, ինչը դժվար թե փոփոխության ենթարկվի Փոստանջյանի «բացահայտումների» լույսի ներքո։ Վերջապես՝ եթե նրանք վստահ են, որ մեզանում արդար ու թափանցիկ են անցել վերջին ընտրությունները, իսկ դրանց ժամանակ նրանք պատկառելի ձայներ են ստացել, ուրեմն նրանց վարկանիշն էլ համապատասխանաբար շատ բարձր է, եւ անհանգստանալու պատճառներ՝ չիք։