Պրոբլեմատիկ համայնքների խոշորացումը հետաձգել ենք

Պրոբլեմատիկ համայնքների խոշորացումը հետաձգել ենք

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ քաղաքական ուժերի բացարձակ պասիվությունն է։ Հիմնական թեկնածությունները համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀԿ-ից, երկրորդ տեղում անկուսակցական ինքնառաջադրումներն են, ԲՀԿ-ն ունի 6, ՀՅԴ-ն՝ 4, 1-ական թեկնածուներ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Համերաշխություն» կուսակցությունները։ Բացի նրանից, որ կուսակցությունները «մարդ» չունեն տեղերում առաջադրումներ կատարելու համար, ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անտարբերությունն այլ պատճառներ ունի։



Բանն այն է, որ ամիսներ հետո այդ համայնքներից շատերում դարձյալ ընտրություններ են անցկացվելու, քանի որ, կառավարության որոշման համաձայն, մինչեւ 2018-ի վերջը պետք է ավարտին հասցվի վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը կամ, այլ կերպ ասած՝ համայնքների խոշորացումը։ Այս պատճառով շատերը չեն ցանկանում մեկ հիմա առաջադրվել, ծախսեր անել, մեկ էլ՝ մի քանի ամիս հետո։ Ուշագրավ է, որ թեպետ հայրենի իշխանությունները պատեհ-անպատեհ առիթներով խոսում են օպտիմալացման եւ պետական ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, սակայն գործնականում նրանց քայլերը հակառակի մասին են փաստում։ Իսկ ընտրությունները, բացի ֆինանսական ծախսերից՝ հանձնաժողովների անդամների վարձատրություն, քվեաթերթիկների տպագրություն եւ այլն, ենթադրում են նաեւ տվյալ համայնքում բարոյահոգեբանական մթնոլորտի լարում։



ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում ասում է, որ իրենք շարժվում են օրենքի տառին համապատասխան։ Ընտրական նոր օրենսգիրքը սահմանում է, որ ՏԻՄ ընտրությունները կարող են անցկացվել տարեկան մինչեւ չորս անգամ, որոնց օրերը, այսինքն՝ ժամանակացույցը, նախապես որոշվում է ԿԸՀ-ի կողմից եւ հրապարակվում։



«Այդ ժամանակացույցը հաստատվել է դեռեւս նախորդ տարեվերջին»,- հիշեցրեց Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաեւ՝ որ խոշորացման գործընթացը եւս իրականացվում է համապատասխան օրենքով․ «Եվ քանի որ տվյալ համայնքների խոշորացման վերաբերյալ արդեն կար որոշում, դրանց համար սահմանվեցին ընտրության օրեր, իսկ այն համայնքները, որոնք չեն խոշորացել, դրանց վերաբերյալ դեռեւս օրենք չկա, սակայն լրանում են համայնքի ղեկավարների ժամկետները, ու պետք է նոր ընտրություններ անցկացնել»։ Պրն․ Մուկուչյանը չցանկացավ կարծիք հայտնել, թե օրենսդրական դաշտից դուրս որքանով է նպատակահարմար հաճախակի ընտրություն անցկացնելը․ «ԿԸՀ նախագահը միշտ պատասխանում է միայն այն հարցերին, որոնք իր իրավազորության տիրույթում են»։



Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին հարցրինք՝ հնարավոր չէ՞ր գործընթացն այնպես կազմակերպել, որ ո՛չ պետության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ առաջանար, ո՛չ էլ բնակչությունը մոտ ժամանակահատվածում բազմակի անգամ ընտրական սթրեսի ենթարկվեր։ «Ես ճիշտ հասկացա, այսինքն՝ այնպես անեինք, որ լրացուցիչ ընտրություններից խուսափեինք։



Նախ ասեմ, որ հնարավորինս փորձել ենք այդպես անել, եթե նկատում եք, ոչ բոլոր համայնքներում է նոր ընտրություն սպասվում, մենք հնարավորինս փորձել ենք չառաջացնել, բայց դա անխուսափելի է»։ Տերտերյանն իրավիճակը մեղմելու ակնկալիքով նկատեց, որ ոչ խոշորացման, այլ պատճառներով եւս բոլոր ժամանակներում քիչ չեն եղել դեպքերը, երբ լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել․ «Համայնքի ղեկավարներ են ժամանակից շուտ հրաժարական ներկայացրել, կամ այլ պատճառով է նոր ընտրություն հրավիրվել»։ Նրա խոսքով՝ անթույլատրելի կլիներ, եթե խոշորացման գործընթացը լիովին հարմարեցնեին ընտրություններին։ «Որքան հնարավոր է՝ հարմարեցրել ենք»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ խնդրո առարկա համայնքները չեն խոշորանա․ «Քաղաքական ծրագիր կա, որ բոլոր համայնքներն էլ խոշորացման պետք է ենթարկվեն, բայց դա չի ենթադրում, որ բոլորը պետք է անպայման խոշորացվեն։ Չի բացառվում, որ որեւէ համայնքում խոշորացում չլինի»։ Նշենք, որ առաջին փուլով խոշորացման ենթարկվեցին Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերի համայնքները, Արմավիրին ու Արարատին, ամենայն հավանականությամբ, կանդրադառնան երկրորդ փուլում։ Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքով են որոշել, թե որ համայնքներն են առաջինը խոշորացվելու, որոնք՝ ավելի ուշ։ «Մենք ունենք հայեցակարգ, չափորոշիչներ, որոնք ուղղորդող են, այսինքն՝ հստակ թվաբանություն չկա՝ «եթե, ապա», փորձագետներ կան, որոնք աշխատում են։ Արմավիրի եւ Արարատի մարզերի հետ կապված՝ ուսումնասիրություն ունենք արած, Արարատյան դաշտավայրի մարզերն ունեն իրենց սպեցիֆիկան, այստեղ գյուղերը մեծ են, կպած են իրար, ինչը կարող է գայթակղություն առաջացնել, մի կողմից՝ խոշորացնելու, մյուս կողմից՝ տեղական ինքնակառավարման մասով պրոբլեմատիկ կլինի եւ այլն։ Միշտ հարցնում էին՝ ինչո՞ւ Արարատն ու Արմավիրը հետո։ Հիմա պատասխանեմ․ որովհետեւ այդ մարզերում պրոբլեմները շատ են, եւ մտածել ենք մյուս մարզերում գործընթացն անել, ճանապարհ անցնենք, նոր անդրադառնանք դրան»։ Իսկ թե երբ կանդրադառնան, Տերտերյանը հստակ ժամկետ չնշեց։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ