Կառավարության ներկայացրած օրենքը ՀՀԿ-ում եւս միանշանակ չեն ընդունում

Կառավարության ներկայացրած օրենքը ՀՀԿ-ում եւս միանշանակ չեն ընդունում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն արդեն մեկ շաբաթ է անցնում են թեժ մթնոլորտում։ Շատերը պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից եւ դրա դիմաց հայաստանյան իշխանությունները դեռեւս տարիներ առաջ կլորիկ գումար են յուրացրել, իսկ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիական հասարակությունն ու շահագրգիռ ՀԿ-ները եւ կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, վստահեցնում են, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հասունացել է: Հիշեցնենք, որ այս պահանջը Հայաստանի դիմաց եվրոպական կառույցների կողմից դրվել է դեռ 10 տարի առաջ։ 2009թ–ին նույնիսկ օրենքի նախագիծ էր մշակվել։ Բայց օրենքի ընդունման համար սահմանված ժամկետը 2014թ–ին ավարտվել էր, նախագիծն էլ` մոռացվել։



Այն որ նոր օրինագիծը մշակվել ու շրջանառության մեջ է դրվել դարձյալ արտաքին պարտադրանքի արդյունքում, պետական կառույցները հերքում են։ Հասարակական կազմակերպությունները, սակայն, հիշեցնում են, որ տարիներ առաջ նույն բարեփոխումների դիմաց ԵՄ–ը Հայաստանին կլորիկ գումար էր խոստանում։ Մասնավորապես խոսքը 16 մլն եվրոյի մասին է: Վարդան Բոստանջյանն այս մասին հարց ուղղեց՝ նկատելով, որ պարտադրանքը եկել է 2014-ից, պարզապես հիմա ստիպված իրագործում ենք: Փոխնախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է գրանտին, այո, գաղտնիք չի, որ ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրում է նախատեսված: Որպես օժանդակություն համապատասխան բյուջեին տրամադրվում է համապատասխան աջակցություն: Մենք պետք է գիտակցենք, որ եթե բյուջետային աջակցության կամ գումարների մասին ենք խոսում, նյութական խնդիրներ այստեղ չկան»: Բոստանջյանի խոսքով՝ նախագծում «բստրածին ձեւակերպումներ» կան՝ տնտեսական, հոգեբանական բռնություն. «Արտագաղթը եկեք վերացնենք, եկել ենք ամենաամուր տեղամասին՝ ընտանիքին ենք կպել»:



«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի անհրաժեշտությունը նախագծի հեղինակ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնավորում է նրանով, որ գործող ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ քրեական օրենսգրքերով չեն ապահովվում բռնությունները կանխելու միջոցները, իրավապահներն ընտանիքում կատարվողը որպես հանցանք են դիտարկում միայն այն ժամանակ, երբ արդեն տեղի է ունեցել անուղղելին։Ու չնայած հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը մոտ հինգ ժամ հանգամանալից փորձում էր նման հիմնավորումներով փորձում էր դրական միջավայր ձեւավորել օրենքի շուրջ, սակայն ապարդյուն: Պատգամավոր տղամարդկանց մեջ կային այնպիսիք, որոնք սա որակեցին տղամարդկության արժանապատվության դեմ քայլ, մասնավորապես Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին վրդովվեցրել էր այն դրույթը, համաձայն որի ենթադրյալ բռնարարին կարգելվի 100 մետր շառավղով մոտենալ իր տանը, որտեղ գտնվում է բռնության այսպես ասած օբյեկտը՝ կինը, կամ երեխան: Իրավաբան պատգամավորը սեփականության իրավունքի համատեքստում հակասահմանադրական հռչակեց այս օրենքը եւ բացի այդ տարակուսանք հայտնեց, թե որ տղամարդն է նման իրավիճակին համաձայն. «Եթե կա նման տղամարդ, ես հենց հիմա նրան «շնորհակալություն» կհայտնեմ», ասաց նա: Ի դեպ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զզոհրաբյանը եւս մի շարք խնդրահարույց դրույթներ է նկատել այս օրենքում եւ փաստարկված հիմնավորել դրանք:



Թվում էր, թե նիստերի դահլիճում բանակների բաժանված հակադիր կողմերը կարող էին անվերջ բանավիճել՝ Հայաստանին պետք է, թե ոչ այս օրենքը, սակայն իրականում բռնություն կիրառողին ոչ օրենք կփրկի, ինչպես սեւին սապոնը, իսկ բռնության ենթարկվողն ու այդ վիճակին հարմակերպվողն էլ կհամակերպվի թեկուզ նման օրենքի պարագայում: Ուշագրավն այն էր, որ քննարկումներին մասնակից ՀՀԿ-ական պատգամավորները մասնավոր զրույցներում եւս սվիններով էին խոսում այս օրենքի մասին՝ ընդունելով պարտադրանքի իրողությունը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ