Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում ԱԺ-ի նկատմամբ․ ԵԼՔ-ի առաջարկը մերժվեց

Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում ԱԺ-ի նկատմամբ․ ԵԼՔ-ի առաջարկը մերժվեց

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: «Ելք»-ն առաջարկում էր նախաքննության մարմնի արգելքը չտարածել 48-րդ հոդվածում նշված անձանց վրա, այդ թվում՝ պատգամավորների։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր նաեւ հստակեցնել տեսակցության սահմանումը:



ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը համաձայն էր Փաշինյանի` տեսակցություն տերմինը հստակ սահմանելու առաջարկի հետ: «Ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Փաշինյան, որ պետք է հստակ սահմանել, թե որն է տեսակցությունը»: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ դեմ է այս առաջարկին: «Կառավարության կողմից կա առաջարկ՝ ոչինչ չփոխել, հոդվածը թողնել նույնը: Ես ինքս դեմ եմ քվեարկելու սրան, բայց համաձայն եմ կանոնակարգելու պատգամավորի տեսակցության խնդիրը: Եթե խցում կա այդպիսի մեկը, որի հետ տեսակցությունն արգելված է, իսկ պատգամավորը ցանկանում է մուտք գործել այդ խուց, ապա պետք է ողջամիտ ժամկետ սահմանվի, որպեսզի անձին հանեն խցից, եւ պատգամավորը կարողանա մուտք գործել այդ խուց»,- ասաց Թովմասյանը:



«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց ՝ կառավարության տեսակետը չի համընկնում, իրենք գործող օրենքում բաց տեսնում են, իսկ կառավարությունը` ոչ, իսկ Թովմասյանը հակադարձեց. «Սա չի նշանակում, որ կառավարությունը բաց չի տեսել օրենքում»: Պետրոսյանն ավելացրեց․ «Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում Ազգային ժողովի նկատմամբ»:



Նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վանիկ Ասատրյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Նապոլեոն Ազիզյանը: