Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ

Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ

Հաջորդ տարվա պետական բյուջեն «յոլա գնալու» մակարդակից էլ ցածր է լինելու․ 2018-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթին իր գնահատականն է տալիս ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Մինչդեռ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ, ՀՀԿ-ականները նախընտրական մեծամեծ խոստումներ էին տալիս, որ Հայաստանը դարձնելու են Սինգապուր, ներդրումների ու տնտեսական արդյունավետ կառավարման արդյունքում շեշտակի բարելավելու են շարքային քաղաքացիների կենսամակարդակը: Հաջորդ տարի ո՛չ աշխատավարձերի, ո՛չ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, մինչդեռ, ըստ փաստաթղթի, բյուջեի եկամուտներն աճելու են 97.3 մլրդ․ դրամով: Բյուջեի 2018-ի եկամտային մասը կազմելու է 1 տրլն․ 307.3 մլրդ․ դրամ (2017 թվականի 1 տրլն․ 210 մլրդ․-ի փոխարեն), ծախսային մասը՝ 1 տրլն․ 464.2 մլրդ․ դրամ (2017 թվականի 1 տրլն․ 360.1 մլրդ․-ի փոխարեն), դեֆիցիտը՝ 156.9 մլրդ․ դրամ (2017 թվականի 150.1 մլրդ․ դրամի փոխարեն): Կառավարությունը 4-4.9 տոկոս տնտեսական աճ է խոստանում: Նախագիծը խորհրդարանի մշտական հանձնաժողովներում կքննարկվի հոկտեմբերի 30-ից սկսած, իսկ մինչ այդ լսեցինք պատգամավորների, որոնք քիչ թե շատ ծանոթացել են փաստաթղթին:



«Ես այս բյուջեն բնորոշում եմ որպես եղած հնարավորությունների միջեւ տեղավորվածություն»,- ասաց Վարդան Բոստանջյանը, որը նախորդ տարվա բյուջեն բնորոշել էր «յոլա գնալու բյուջե»։ Նա ասում է, որ եկող տարվանը նույնիսկ այդպես չի կարող բնորոշել. «Դա մինչեւ անգամ յոլա գնալու էլ չէ, եւ, ինչպես տեսաք, խստացրեցի սահմանումը»: Պատգամավորը կառավարության ներկայացրած բյուջեում «համարձակություն, թռիչք» չի տեսնում. «Էլի զուսպ, վախվորած բյուջե է, որպեսզի կարողանանք հաջորդ տարի մուտքերն ապահովել ու լուծել ամենակարեւոր հարցերը՝ կենսաթոշակների, պաշտպանության եւ այլն»:



Բոստանջյանը շեշտում է, որ բյուջեն իրատեսական է եւ նկատելի զարգացում չի նախատեսում։ Նրա բնորոշմամբ՝ փաստաթղթում նշված տնտեսական աճի ցուցանիշն էլ սիմվոլիկ է. «Հայաստանի Հանրապետությունը տնտեսական կոլապսից դուրս գալու համար երկնիշ տնտեսական աճ պետք է ունենա, վատագույն դեպքում մենք 7-8 տոկոսից չպիտի իջնենք, բայց 2.9 տոկոսը, որը տվել է Արժույթի միջազգային հիմնադրամը, առոչինչ է: Մենք չունենք խոշոր շրջանառություն, որպեսզի ասենք՝ ոչինչ, 2.9-ը էլի տանելի է»։ Հիշեցրինք Կարեն Կարապետյանի խոստումները, երբ նոր էր դարձել վարչապետ՝ կրճատել ստվերը, հավաքագրել հարկերը, եւ հարցրինք՝ դա չի՞ արտացոլվում եկող տարվա բյուջեում։ Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Բոլոր դեպքերում կարող են խոստանալ, բայց անել է պետք»:



ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը չի կիսում ընդդիմադիր գործընկերոջ բնութագրումները եւ շեշտում է, որ եկամուտների մասով 0.5 տոկոս եկամուտների աճ են նախատեսել, դեֆիցիտը կրճատել են. «Այ, դա էլ հենց ձեր ասած հավաքագրումն է, ստվերը կրճատելը: Ես քսան տարվա պատգամավոր եմ, մինչեւ հիմա մենք բյուջեում ունեցել ենք 0.3 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն, իսկ մենք այսօր 0.5 տոկոս ենք ներառել»: Ի՞նչ է տալու եկող տարվա բյուջեն հասարակությանը։ «Մենք, իրոք, հաջորդ տարի թոշակներն ու աշխատավարձերը չենք բարձրացրել, բյուջեում եղած հնարավորությունները բավարար չեն այդ նպատակին հասնելու համար: Բայց կարծում եմ՝ կա զարգացման հետեւյալ կարգը․ պետք է խնայել միջոցները՝ միջոցներն ավելացնելու համար: Պետական բյուջեի դեպքում այդ նպատակը պետք է լինի բյուջեն մեծացնելը, իսկ դրա համար տնտեսությունը պետք է զարգանա: Այն հասարակությունը, որը չի ստեղծում, ծախսելու իրավունք չունի: Ուրիշները պարտք են վերցնում, մենք՝ խնայում: …Այո, մենք պարտք էլ ենք վերցնում ու կվերցնենք, որպեսզի դեֆիցիտը փակենք»: ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը չի հրաժարվում սոցիալական ծրագրերից եւ հենց դրանք կատարելու համար է պարտք վերցնում: Հակոբյանն ասում է, որ նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն խոստում է տվել լավ տնտեսություն ունենալ, եւ հիմա էլ իրենց ողջ քայլերը դրան են ուղղված։ Պատգամավորը կարող է վստահ պնդել, որ Կարեն Կարապետյանի ներկայացրած բյուջեի արդեն երկրորդ նախագիծն արդյունավետ էր նախորդից: Հարցրինք՝ իշխանությունը չի՞ մտահոգվում, որ սոցիալական բունտ կհասունանա, տարիներ շարունակ աշխատավարձերը, թոշակները չեն բարձրանում:



Սակայն Հակոբ Հակոբյանը նախ խորհուրդ տվեց 5-10 տարվա կտրվածքով գնահատել յուրաքանչյուրի կյանքի որակը, ապա բոլորի անունից վստահեցրեց, որ միայն առաջընթաց է նկատվում։ «Ամեն տարվա կտրվածքով դա չի երեւա»,- բացատրեց նա:



«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ դեռ չեն ծանոթացել նախագծին, կուսումնասիրեն, կարծիք կհայտնեն։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ խոստացավ, որ երբ բյուջեի քննարկումներն սկսվեն, ինքը կներկայացնի կոալիցիոն բյուջեի մասին իրենց տեսակետը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ