ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում էր, բայց հասարակությունը ծափերով չընդունեց

ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում էր, բայց հասարակությունը ծափերով չընդունեց

Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: Նրա տեղի ամենառեալ հավակնորդն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն է: Արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է, որ Թովմասյանը նախ ՍԴ անդամ է նշանակվելու, ապա փոխարինելու է թոշակի գնացող ՍԴ նախագահին՝ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, եւ օրենքի ուժով նրա լիազորությունները դադարելու են:



Բայց մինչեւ ՍԴ նախագահ դառնալը Հրայր Թովմասյանը պետք է նախ ՍԴ անդամ լինի: Կիմ Բալայանը ՍԴ անդամ է նշանակվել 2003թ. նոյեմբերին, երբ դեռ գործում էր 1995թ. ընդունված առաջին Սահմանադրությունը: Ըստ այդ փաստաթղթի՝ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարեկանը, նոր Սահմանադրությամբ՝ մինչեւ 65 տարեկանը։ Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը ՍԴ անդամին հնարավորություն է ընձեռում մինչեւ վեց ամսով երկարաձգել պաշտոնավարումը։ «Եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո»,- նշված է ՍԴ-ի մասին օրենքի 14-րդ հոդվածում: Սա խորամանկ սողանցք է եւս 6 ամիս հաճելի պաշտոնն զբաղեցնելու համար։ Այսինքն՝ Կիմ Բալայանը կարող է մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը լինել ՍԴ անդամ: Արդեն պարզ է, որ Բալայանի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ նա ՍԴ վարույթում գտնվող երկու գործով նշանակված է զեկուցող: Մենք զրուցեցինք Կիմ Բալայանի հետ։



- Պարոն Բալայան, հոկտեմբերի 15-ին լրացել է Ձեր պաշտոնավարման ժամկետը, կասե՞ք, թե ինչ գործեր կան Ձեզ մակագրված, դրանց քննությունը երբ է նախատեսված եւ երբ կավարտվի։



- Ես որեւիցե բառ այդ առումով չեմ կարող ասել։ Համենայնդեպս, օրենքը հնարավորություն տալիս է՝ եթե գործ ունես քո վարույթում, մինչեւ գործի ավարտը մնալ, բայց ոչ ավել, քան վեց ամիս։ Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, չեմ կարող այսօր ասել։



- Իսկ Ձեր կանխատեսումներով՝ վեց ամիս կձգվի՞ այդ գործերի քննությունը, թե՞ հնարավոր է ավելի շուտ ավարտվեն։



- Հնարավոր է՝ շուտ ավարտվի։ Նույնիսկ չեմ հիշում, կարծեմ դեկտեմբերի 12-ին էր նշանակված վերջին գործս, բայց կան գործեր, որտեղ ես զեկուցող եմ։



- Հրայր Թովմասյանի անունն է որպես ամենահավանական փոխարինողի նշվում, Ձեր կարծիքը կուզենայի լսել այդ մասին, Դուք ո՞ւմ կուզեիք տեսնել որպես Ձեզ փոխարինող։



- Դա ինձ չվերաբերող հարց է։ Ես չեմ կարծում, որ հենց մեր դատարանում էլ լավ թեկնածուներ չկան… մի խոսքով՝ ես առաջադրման ո՛չ իրավունք ունեմ, ո՛չ էլ (ծիծաղում է՝ Լ․Շ․), համենայնդեպս, էթիկայի կանոնների խախտում կլինի, որ ես բարձրաձայնեմ իմ նախասիրությունները։ Ես համոզված եմ, որ մեր դատարանում էլ փորձառու դատավորներ կան, որոնք կարող են նախագահ դառնալ։ Հետո՝ դա կախված է նրանից, թե երբ կլինի։ Եթե նոր նախագահի երդմնակալությունից հետո լինի, արդեն բոլորովին նոր կարգով է ընտրվելու ՍԴ նախագահը՝ դատարանի անդամներն են ընտրելու, եթե շուտ լինի, ապա հին կարգով՝ Ազգային ժողովն է ընտրելու։



- Այսինքն՝ մինչեւ մարտի 23-ը, երբ լրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, Դուք կմնաք որպես ՍԴ անդամ։



- Համենայնդեպս, ես իրերս չեմ հավաքել դեռ։



- Իսկ Սահմանադրական դատարանից ո՞ւմ եք տեսնում որպես ՍԴ նոր անդամ կամ նախագահ։



- Ճիշտ չի լինի, որ պատասխանեմ, բարոյական չի լինի, բայց ինքներդ էլ որ նայեք, կտեսնեք։ Կենսագրություն կերտած մարդիկ կան։



- Ձեր երկարամյա գործունեության ընթացքում ամենահիշարժան, ամենահետաքրքիր գործը, որը քննել է Սահմանադրական դատարանը, ո՞րն է եղել։



- Չեմ կարող առանձնացնել, ամեն գործ իր առանձնահատկությունն է ունեցել, նույնիսկ միջազգային պայմանագրերը, որ շատերին թվում է, թե ստանդարտ են, ազգային շահի գիտակցման լուրջ պահեր են լինում, որ լուրջ քննարկումների են ենթարկվում, համենայնդեպս, միշտ փորձել եմ իմ գիտելիքներն ու փորձն ի շահ մեր պետության օգտագործել։



- Իսկ ցավալի, հակասական գործեր եղե՞լ են։



- Ամենացավալին նա է, որ երբ օբյեկտիվության մեջ ինքդ համոզված ես՝ ներկայացված փաստերն ու իրականությունը չեն համապատասխանում այն իրականությանը, որը գոյություն ունի։



- Շա՞տ անգամներ եք նման զգացողություններ ունեցել։



- Շատ չէ, բայց ունեցել եմ։ Դատարանում ես կողմի ներկայացուցչին մի անգամ ստիպված եմ եղել հիշեցնել, որ պարտավոր է այն կողմի շահերը ներկայացնել, ում ներկայացուցիչը հանդիսանում է… իրավաբանը պետք է բարձր որակներ ունենա, հանրությանը շատ հայտնի գործ էր… Եթե հստակ ասեմ՝ արդեն քաղաքականության մեջ պետք է մտնեմ, իսկ դրա իրավունքը չունեմ։



- Իսկ Սահմանադրական դատարանի ազդեցությունը, կշիռը ժամանակի ընթացքում մեծացե՞լ են, թե՞ հակառակը՝ ամեն դեպքում, հանրային վստահություն կարծես թե չկա։



- Ես, այնուամենայնիվ, համոզված եմ, որ քանի գնա, այնքան մեծանալու է։ Հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրանա, որ ճիշտ կարողանա գնահատել ՍԴ որոշումները, ես անկեղծ եմ ասում, մի շարք գործեր կան, որոնց դեպքում մենք առաջնահերթությունը տվել ենք մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց հասարակության մեջ այդ արձագանքը չեն գտել՝ նույն կուտակայինի պարտադիրության վերաբերյալ։ Տեսեք, մեր որոշումը միջազգային մակարդակի կայացրած որոշում էր՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, բայց հասարակությունը ծափերով չընդունեց, որն իրականում ծափահարությունների արժանի որոշում էր։



Հասարակության իրավագիտակցությունն առաջին հերթին պարտավոր է բարձրացնել պետությունը՝ իր ունեցած բոլոր հնարավորություններն օգտագործի, մասնավորապես՝ մասսայական լրատվության միջոցները, հեռուստատեսությունը, որի վրա պատշաճ ուշադրություն չի դարձվում։



- Ժամանակին օրենսդրությունն անգամ փոխեցին, որ շարքային մարդիկ, փաստաբաններ, դատավորներ էլ կարողանան ՍԴ դիմել, բայց ՍԴ-ի դերակատարումը չմեծացավ, վստահությունը՝ եւս։ ՍԴ-ի որոշումներից գրեթե միշտ դժգոհում են, խնդիրը գուցե այդտե՞ղ է։



- Ես այսօր մազաչափ չեմ կասկածում Սահմանադրական դատարանի օբյեկտիվության վրա, բայց նորից եմ ասում՝ իրավագիտակցության խնդիր կա, երբ բարձրանա այդ գիտակցությունը, ավելի խորը անալիզ կանեն։ Եվ, փառք Աստծո, սկզբունքային շատ գործեր կան, որոնք նույնիսկ հանրության հետաքրքրության ներքո չեն։



- Դուք ասացիք, որ ՍԴ կշիռը գնալով կմեծանա ու մեծանում է, այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ ՍԴ որոշումները հաճախ մնում են թղթի վրա, երբեմն դատարաններն անգամ անտեսում են դրանք։



- Գագիկ Հարությունյանը հիմա շատ լուրջ կոնցեպցիա է առաջ քաշել, որ անպայմանորեն սահմանադրական մոնիթորինգ պետք է կատարվի, թե սահմանադրական նորմերն առհասարակ ինչպես են կիրառվում։ Ամեն տարի ՍԴ-ն իր կայացրած որոշումների վերաբերյալ ամփոփիչ տեղեկագիր է բաց թողնում, եթե վերցնեք դա, կտեսնեք մի շարք թերություններ, որոնց մասին գրված է։ Ամենահասարակ օրինակը՝ մինչեւ հիմա օրենքով սահմանված չէ, թե եթե ՍԴ-ն որոշում է կայացնում եւ տվյալ նորմը համարում հակասահմանադրական, որ մարմինը եւ ինչ ժամկետում է այդ նորմը համապատասխանեցնելու օրենքին։ Սա մեծ բացթողում է, ամեն տարի մեր տեղեկագրերի մեջ մենք այս թերության մասին նշում ենք, որ շարունակում է մնալ։



- Իսկ ինչո՞ւ ժամանակին չէր հստակեցվում հարցը, այդ կոնցեպցիան ավելի վաղ չէր մշակվում։



- Որովհետեւ Ազգային ժողովը մտածում էր, որ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերի, կառավարությունն էլ՝ թե օրենսդիր մարմինը պետք է նախաձեռնի։ Իսկ ՍԴ-ն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունեցող մարմին է, նոր Սահմանադրությամբ այդ հիմքերն ավելի լավ են դրված, եւ դրա համար էլ հիմա ենք մշակում։ Այդուհանդերձ ես, ՍԴ անդամ լինելով հանդերձ, այսօր չեմ կարող ասել, որ Սահմանադրության բոլոր նորմերն անխտիր կիրառվում են։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ