Ճանապարհային փոխհատուցման իրավունք՝ հեմոդիալիզ ստացողներին

Ճանապարհային փոխհատուցման իրավունք՝ հեմոդիալիզ ստացողներին

ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի օրենքը լրացնել նոր 171-ին հոդվածով, Այն է. «Բժշկական հաստատություն հասնելու ճանապարհածախսի հատուցման իրավունքը։
Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, ով հեմոդիալիզային պրոցեդուրա անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում համապատասխան բժշկական օգնություն եւ/կամ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություն հասնելու համար պետք է իր մշտական բնակության վայրից անցնի առնվազն 20 կիլոմետր հեռավորություն, այդ հաստատություն կատարված յուրաքանչյուր այցելության համար ճանապարհածախսի հատուցման իրավունք ունի: Հատուցման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը»։

 Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է՝ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում զգալի է այն անձանց թվաքանակը, ովքեր ունեն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ։ Այդ հիվանդությունների թվում է նաեւ երիկամների քրոնիկ անբավարարությունը։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ շաբաթական 3 անգամ պետք է հեմոդիալիզ անցնեն։ Սակայն ոչ բոլոր բժշկական հաստատություններում է հնարավոր ստանալ բժշկական այդ սպասարկումը»։Ապա հղում է կատարվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ արված հայտարարությանը, ըստ որի՝ ընթացքում երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների թիվն աճել է, իսկ հեմոդիալիզ ունեցող բժշկական կենտրոնների թվաքանակը հատկապես մարզերում բավականին քիչ է։

Ողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի հնարավորություն ունի միայն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզում՝ միայն Գավառի բժշկական կենտրոնը, Սյունիքում՝ Գորիսի բժշկական կենտրոնը, իսկ Արագածոտնի մարզն ընդհանրապես այդ բժշկական սպասարկումն ապահովող բժշկական կենտրոն չունի։ Ակնհայտ է, որ այդ սպասարկման կարիքն ունեցողները միայն համապատասխան բժշկական կենտրոններին մոտ գտնվող տարածքներում բնակվող անձիք չեն։ Դեռ ավելին, բոլորը հեմոդիալիզ անցնելուն ուղղված ծախսեր կատարելու համար բավականաչափ ապահովված չեն։

Ուստի,ԼՀԿ-ն առաջարկում է, որ մինչ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ բոլոր բժշկական կենտրոններն ապահովելը՝ նպատակահարմար է սահմանել ճանապարհածախսի փոխհատուցման իրավունք։