«Հրապարակ». Ինձնից հասնում է այդ ցույցերին մասնակցելը, ես մասնակցում եմ

«Հրապարակ». Ինձնից հասնում է այդ ցույցերին մասնակցելը, ես մասնակցում եմ

Հարցազրույց բիզնես խորհրդատու, Ռոբերտ Քոչարյանի համակիր Արեն Ապիկյանի հետ

- Շաբաթ օրը Դուք ներկա էիք Դիմադրության շարժման հանրահավաքին: 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած՝ ընդդիմությունը պարբերաբար նույն հռետորաբանությամբ բողոքի ակցիաներ է իրականացնում, սակայն էական փոփոխություն չի նկատվում:

- Մենք պետք է նախ հասկանանք, թե ինչ ենք ակնկալում այդ հանրահավաքներից:

- Օրինակ` իշխանափոխություն….

- Իշխանափոխության համար ցույցերը բավական չեն: Ցույցը ցուցանիշ է ընդամենը, որ կա դժգոհություն` ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: Կոնկրետ Դիմադրության շարժման վերջին հանրահավաքն Արցախի հարցի մասին էր: Ցույցի հիմքում իշխանափոխության հարց դրված չի եղել: Սա հասարակության մի ստվար զանգվածի եւ ընդդիմության պատասխանն էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդկանց, որպեսզի նրանք տեսնեն` Հայաստանում բազմահազար մարդիկ համաձայն չեն այն հնարավոր զիջումների հետ, որոնց մասին պարբերաբար խոսում են իշխանավորները: Հանրահավաքի միջոցով նաեւ մեր արտասահմանյան գործընկերներին ցույց տվեցինք, որ Հայաստանում շատերը համաձայն չեն այն հնարավոր զիջումներին, որոնց շուրջ այսօրվա իշխանությունները բանակցում են Ադրբեջանի հետ: Ես այդ ցույցին չէի գնացել, օրինակ, իշխանափոխության անկնալիքով:

- Իսկ միայն իշխանությունների հետ համաձայն չլինելը, նրանց որոշումներին ընդդիմանալը բավակա՞ն են` 2018-ի ցույցերի արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն:

- Իհարկե, բավական չեն, սակայն ինձնից հասնում է այդ ցույցերին մասնակցելը, ես մասնակցում եմ: Դրանով ես արտահայտում եմ իմ անձնական դիրքորոշումը: Ցույցը կազմակերպվեց Արցախին աջակցելու համար, եւ ես այդ գաղափարի կողմնակիցն եմ: Ես համաձայն չեմ այն լուծումների հետ, որոնք այսօր մեզ են պարտադրում` «խաղաղության պայմանագիր» ասվածով: Ենթադրվում է, որ այսօր կա մի փաստաթուղթ, որտեղ քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ենթադրյալ խաղաղությունը, առանց Արցախի կարգավիճակի մասին հիշատակելու: Սա շատ վտանգավոր է, որովհետեւ ստորագրելով նման փաստաթուղթ՝ Հայաստանը դնում է Արցախի հարցի վերջակետը, իսկ մենք դեմ ենք նման պայմանագրերին, անկախ նրանից, թե դա որ կողմի միջնորդությամբ է կնքվելու` Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, թե՞ այլ մեկի: Ցանկացած փաստաթուղթ, որի տակ պատրաստվում է ստորագրել Հայաստանի վարչապետը, պետք է իր մեջ ներառի Արցախի հարցը: Պետք է հասկանալ` ինչ կարգավիճակ է ստանալու Արցախը նոր փաստաթուղթ ստորագրելուց հետո: Ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Արցախի հայերը պետք է ունենան իրենց ապագան ընտրելու հնարավորություն, իսկ դրա երաշխավորը պետք է լինի Հայաստանը:

- Ընդդիմության հանրահավաքը որպես «զսպաշապիկ» կաշխատի՞: Կարծում եք՝ Փաշինյանի որոշումները փոխվո՞ւմ են հանրահավաքներից:

- Որոշ չափով՝ այո: Իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց որոշումներին ընդդիմացող զանգված կա Հայաստանում: Եթե իրենք ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրեն, որն այնքան էլ հայանպաստ չէ, ենթադրվում է, որ բողոքի ալիքը կարող է մեծանալ: Հաջորդ անգամ գուցե ավելի շատ մարդ դուրս գա փողոց: Գարնանը սկսված պրոցեսը մինչ օրս շարունակվում է: Ամեն ցույցի ժամանակ մի պահանջ է ներկայացվում կառավարությանը: Գարնանը տեղի ունեցած ցույցերն ունեցան որոշակի ազդեցություն իշխանությունների որոշումների վրա: Իմ համոզմամբ` Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, որը չի ներառում իր մեջ Արցախի հարց: Նա շատ լավ հասկանում է, որ մեզանում կա պայքար:

- Որոշ ընդդիմադիրներ քննադատում են ձեզ, օրինակ` Միքայել Մինասյանի թիմը Դիմադրության շարժման պայքարը համարում է անիմաստ: Ինչո՞վ են այս տարաձայնությունները պայմանավորված:

- Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ովքեր են Միքայել Մինասյանի թիմի անդամները եւ ինչեր են անում ու ասում, սակայն առանձին անձինք կարող են արտահայտել իրենց դժգոհությունը: Դա իրենց իրավունքն է: Այնպես չէ, որ մենք հարյուր տոկոսով ամեն ինչից գոհ ենք….

- Օրինակ՝ ինչի՞ց եք Դուք դժգոհ:

- Ես կուզեի՝ ավելի շատ մարդիկ մասնակցեին այդ ցույցերին: Ամոթ է, որ միտինգներին 5-10 հազար մարդ է տնից դուրս գալիս: Շատերը դրանում մեղադրում են ընդդիմությանը, թե նրանք չեն կարողանում մարդկանց հավաքել եւ այլն, սակայն ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ: Ընդդիմությունն ընդամենը դրա կազմակերպիչն է, ամեն մարդ ինքն է որոշում՝ մասնակցե՞լ ցույցին, թե՞ ոչ: