Ապրիլի 24-ից հետո

Ապրիլի 24-ից հետո
Այս տարի էլ հայաստանյան եւ համայն հայությունը հարգանքի տուրք մատուցեց 1915-ի զոհերի հիշատակին, եւ ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան աշխարհի բոլոր ծագերում: Այս անգամ էլ մեզ հաջողվեց աշխարհին հիշեցնել մեր ազգի գոյության ու մեր նկատմամբ իրականացված չարաղետ ոճրագործության մասին: Ապրիլի 24-ին տարբեր մասշտաբի ու ոգեւորության արարողություններ եղան տարբեր երկրներում, որոնք վկայում են, որ 15-ի նահատակները չեն մոռացվել, եւ հայ ազգը մանկուրտներից կազմված խառնամբոխ չէ, որին բնորոշ է “որտեղ հաց, այնտեղ կաց” ասացվածքը, այլ հիշողություն եւ պատմություն ունեցող, ավանդույթներ ու մշակույթ կրող ազգ է: Բայց ամեն ինչ չափի մեջ է լավ: Ողբը, որ վերածվում է գոյավիճակի: Հիշողությունը, որը դառնում է ֆետիշ: Կսկիծը, որը շահարկվում է, ոչ մի լավ բանի մասին չեն խոսում: Դրանք խոսում են ազգի նեղմտության, առաջ նայելու փոխարեն ետ նայելու սովորույթի մասին: Խոսում են այն մասին, որ մեր ազգը պատրաստ չէ ապրելու 21-րդ դարում, այլ 20-րդ դարի իրողություններն ու արժեքներն է փայփայում՝ որպես աչքի լույս, որպես աշխարհին ներկայանալու միջոց եւ չի պատրաստվում հրաժարվել իր տրեխներից: Երբ հարեւան երկրի դրոշն ու նախագահի նկարն ենք հրապարակավ այրում՝ որպես հարգանքի տուրք մեր նախնյաց գերեզմանին, դա ոչ թե առաջադիմության, այլ վայրենության նշան է: Եւ պետք չէ զարմանալ, որ նույնն անում են նաեւ մեր հարեւանները՝ չնայած նրանք ցեղասպանություն իրականացնողների սերունդն են ու ինչ-որ տեղ դրա պատասխանատուն: Երբ ամեն տարի սրտատրոփ սպասում ենք ԱՄՆ նախագահի ելույթին եւ տող առ տող վերլուծում դրանում գրված բառերն ու հնչյունները, մենք մեզ լիարժեք ազգ չենք կարող համարել: Նվաստացուցիչ բան կա այդ սպասումի մեջ: