Խոխմաչ ժողովուրդ ենք դարձել

Խոխմաչ ժողովուրդ ենք դարձել
Մեր թատրոնը միակ խաղացանկային ոչ պետական թատրոնն է, եւ այդ տեսանկյունից բազմաթիվ դժվարություններ ունենք ներկայացում պատրաստելու, դերասաններին վճարելու հարցերում: Թատրոնը պետության կողմից չի ֆինանսավորվում, որեւէ առանձին ներկայացումների համար հնարավոր է մշակութային նախարարությունը որոշակի օգնություն ցույց տա: Երեխաների դաստիարակության հարցը պետությունը պետք է իր հոգածության տակ վերցնի, պետության հիմնախնդիրներից մեկը պետք է լինի, բայց դա այդպես չէ: Քիչ չեն այն արվեստագետները, որոնք երեխաների դաստիարակությամբ են զբաղվում,  բայց դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը պետության հոգածության առարկա է: Փաստորեն, մանկական երեք թատրոն ունենք Երեւանում, մեկը Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն է, որը պետական օգնություն է ստանում կանոնավոր կերպով, երկրորդը Խամաճիկների թատրոնն է՝ նույնպես պետական եւ նույնպես պետությունից օգնություն է ստանում, եւ "Ագուլիս" թատրոնը, որը ոչ մի տեղից օգնություն չի ստանում: Սակայն դա էլ կապ չունի, երեք թատրոն է թե 13, մոտեցումն է կարեւոր: Ասում եմ՝ մատաղ սերնդի դաստիարակության խնդիրը պետության խնդիրը չէ: Պատահական ձեւով ինչ-որ որոշում են ընդունում, ինչ-որ բան են անում, ես չեմ ասում, թե ոչինչ չեն անում, բայց դա պետական ծրագիր չի ու հարցին լուրջ, հանգամանորեն մոտեցնում չի: Եթե թատրոնը պետության հոգատարությանը չի արժանանում, ուրեմն այդ պետությունը պարզապես պետություն չի, ադմինիստրացիա է, որը էս տարածքում ապրող մարդկանց ինչ-որ հարցեր է լուծում, հարկեր է հավաքում, բայց եթե դու քո ժողովրդի անցյալը, ապագան, ներկան չես համադրում եւ չես ուզում ուղղորդել քո ժողովրդին այսօրվա բարդ աշխարհում, դե ուրեմն դու պետություն չես: Սա վարչախումբ է, պետություն չէ: Պետությունը պետք է իր անցյալը դարձնի հիմնաքար եւ այդ հիմնաքարի վրա կառուցի իր ապագան: Այդ խնդիրը լավագույն ձեւով կարող է անել թատրոնը, որը բացարձակ անուշադրության է մատնված: Պարզապես մենք էլ էս պետության մեջ մեր գործը մի կերպ, մեծ չարչարանքով անում ենք, որ մեզ հասարակությունը ամոթանք չտա: Հեռուստաալիքներն էլ, ճիշտ է, որոշակի ժամեր ունեն երեխաների համար, բայց որեւէ ուղղորդված, ընդհանուր դաստիարակչական գաղափար չկա այդ հաղորդումներում: Ամեն մեկը տեղից վեր է կենում, ինչ-որ ծիծաղելի բաներ է անում: Խոխմաչ ժողովուրդ ենք դարձել: Բոլորը մտածում են ծիծաղեցնելու մասին, գերագույն խնդիր է դարձել հանաք անելը, ծիծաղեցնելը: Մեր ժողովուրդը այս մոլորակի վրա 4-5 հազար տարվա պատմություն ունի: Մենք այս տարի 4 հազար 500 ամյակն ենք նշելու Հայկի եւ Բելի պատերազմի: Բայց այդ զգացողությունը չունենք, որ մենք էս ժողովուրդն ենք, որ 4 հազար 500 տարի առաջ ենք դեռեւս հայտ ներկայացրել պետություն դառնալու: Հիմա "Ագուլիս" թատրոնը "Հայկ եւ Բել" ներկայացումն է պատրաստում, բայց աներեւակայելի աշխատանք է, աներեւակայելի չարչարանք: Սա աշխատանք չի, որ մենք ենք անում, առանց հովանավորության, ուղղակի ամեն մեկն իր հոգու պարտքն է համարում մի բան անել էս ժողովրդի համար, որ շատ թուք ու մուր չուտի:



Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ

դերասան