Սանահինի վանքը փլվում է

Սանահինի վանքը փլվում է
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Սանահինի վանական համալիրը հայտնվել է ողբալի վիճակում: 1999 թվականից այն գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ, համընդգրկուն արժեք, եւ դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը: Վանական համալիրի առջեւ այսօր ծառացել են բազմաթիվ խնդիրներ` պատերի ամրացումից մինչեւ կաթացող տանիք: Եկեղեցու պատերը թեքվել են, իսկ ճաքերը՝ լայնացել: Փորձեցինք զրուցել Սանահինի բնակիչների հետ, որոնք իրենց դժգոհությունը հայտնեցին, նրանցից մեկը նշեց. "էս եկեղեցին թողած՝ եսիմ ինչերի վրա են փող ծախսում, էսա էս պատերն էլ կփլվեն, տենանք դրանից հետո ի՞նչ են ցույց տալու իրանց տուրիստներին", մեկ այլ բնակիչ էլ ասաց. "Էս մեր եկեղեցիները չլինեին, Հայաստան ոչ մեկն էլ չէր գա": Բնակիչների դժգոհությունը կարելի է հասկանալ, քանի որ Սանահինի վանքը տեսնելու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք եւս իրենց կարծիքը հայտնեցին. "Ամեն տեղ խոտ ա աճել, պատերի վրա նույնիսկ ծառեր կան դուրս եկած,  եկեղեցու ներսը խոնավ է, անձրեւները լցվում են ներս":



Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը եւս իր մտահոգությունը հայտնեց եկեղեցու ճակատագրի վերաբերյալ. "Արդեն երկար տարիներ եկեղեցու վիճակն այսպիսին է, որը լուրջ մտահոգության առիթ է դարձել, դարերի խորքից եկած այս համալիրը ժամանակի ընթացքում այնպիսի կոնստրուկտիվ փոփոխությունների է ենթարկվել, որ ամեն պահի կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ": Փոխքաղաքապետի խոսքով՝ իրենք հարցը բարձրացրել են բոլոր ատյաններում, նրա վստահեցմամբ՝ պահանջվող գումարն այնքան մեծ է, որ համայնքի հնարավորությունները չեն բավարարում: Խնդրին տեղյակ է նաեւ ՀՀ վարչապետը, իսկ ի՞նչ է արվել կառավարության կողմից, փոխքաղաքապետը պատասխանեց. "Հենց տեղում վարչապետը համապատասխան մասնագետների հետ ուսումնասիրեց Սանահինի վանական համալիրը, անցկացրեց խորհրդակցություն, հետո նրա կողմից տրվեցին հանձնարարականներ": Վարչապետի այցը Սանահին եղել է դեռեւս այս տարվա գարնանը, իսկ թե ինչու դեռ ոչինչ չի արվել, պարոն Վարոսյանը պատասխանեց. "Հավանաբար դեռ խնդիրը նախագծանախահաշվային փուլում է":



Եկեղեցու ճակատագրով մտահոգված էր նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը. "Որոշ պատեր թեքված են, այդ ամենը պահանջում է մասնագիտական լուրջ միջամտություն, կա նաեւ ծածկի հետ կապված խնդիր, անձրեւների ժամանակ անձրեւաջրերը լցվում են եկեղեցի": Առաջնորդը նշում է, որ համալիրում վերանորոգվել է միայն գրատունը, իսկ մյուս մասերում սովետական շրջանում միայն տանիքներն են բարեկարգվել, այլ նորոգումներ չեն արվել: Պետք է հարցին լուրջ մոտենալ, որպեսզի եկեղեցին ավելի վատթար վիճակում չհայտնվի` վերջում ավելացրեց Գուգարաց թեմի առաջնորդը: Բոլորը մտահոգ են, բայց եկեղեցին քանդվում է, եւ ոչ ոք ոչինչ չի անում դա կանխելու համար:



Էդվարդ

ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Վանաձոր